Գաղջ – Հրապարակ

Մինչ բուն նյութին անցնելը, կուզենայի նորափեսա եւ նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին ասել, որ պասիվ ԱԽՔ չի լինում: Ինքը հայտարարել էր, որ շատ ակտիվ ԱԽՔ է լինելու, ես էլ ասում եմ՝ ԱԽՔ-ի պասիվը չի լինում, պարոն՝ չգիտեմ որտեղից որտեղ ԱԽՔ դարձած Ալեն Սիմոնյան:

Այսօր, առհասարակ, կխոսենք ակտիվության մասին: Սա շատ ակտուալ թեմա է այն իմաստով, որ Նիկոլն ինչքան հոգնած պաշտոնյա, ծանոթ, բարեկամ ուներ, նշանակել ու վերանշանակել է պատասխանատու պաշտոններում: Մինչդեռ այդ պաշտոնները ենթադրում են համապատասխան պաշտոնյայի ակտիվություն: Եվ որ ոլորտն ուզում եք վերցրեք՝ հոգնածների թագավորություն է:

Ամենաչհոգնածը, ինձ թվում է, պետք է լիներ Պնախարարը, բայց Պապիկյան Սուրենին որ նայում եմ… Ոնց որ ձորից գերան դուրս քաշած լինի: Առաջներում ինքն էր այցելում սահմանամերձ զորամասեր, ծանոթանում իրավիճակին, կարգապահությանը: Երկու օր առաջ իմացանք, որ ուրիշներին է գործուղել առաջապահ դիրքեր, որ իր փոխարեն վիճակ շտկեն: Վաղն էլ որ մի բան այնպես չգնա, այդ հարիֆներին «վիգըվըր» տա եւ գործից հանի: Ռեֆորմներ պիտի աներ բանակում… Ժամանակը չհերիքեց, Նիկոլը հանեց, տարավ քարոզարշավի, դռնեդուռ գցեց խեղճին, հոգնեցրեց իր քաղաքական ճամարտակություններով: Երբեմնի խրոխտ Պապիկյան Սուրենից համարյա բան չմնաց: Իսկ արդյունքներին ծանոթանալով հասկացանք, որ «զորավար» Սուրենն իր փոքր հայրենիքում էլ հարգված չէ։
Ճիշտն ասած՝ զարմացա, երբ իմացա, որ ԱԱԾ հոգնած տնօրենին դեռ չեն փոխարինել: Սատանա բռնելը հեշտ գործ չէ, մանավանդ, որ մինչ օրս Հայաստանում ոչ մի տեսախցիկ սատանա չի ֆիքսել: Ու ի՞նչ աներ խեղճ մարդը, որին զրկել էին իր գործով զբաղվելու «հաճույքից» եւ հրահանգել «մելկի» խուլիգանություններ բացահայտել, վայրի կենդանիներ բռնել, մտացածին գործեր կարել: Լավ է՝ չեն տարել լոլիկ հավաքելու: Նիկոլը ո՞նց է մտածում, գիտե՞ք: Նա մտածում է, որ ԱԱԾ-ին պարապ թողնի, հնարավոր է՝ մի բան գտնեն ու դրա հետքերով դուրս գան իր վրա: Օրինակ՝ Ալիեւին փոխանցած նամակ, հեռախոսազրույց, SMS, КГБ-ից եկած որեւէ թուղթ… Կարծում եք՝ այսպիսի բաներ չկա՞ն: Ինչքան ուզեք, բայց մեր ԱԱԾ տնօրենին այնքան են հոգնեցրել սատանաների դեմ կռիվներում, որ նա ո՛չ հավես, ո՛չ էլ ժամանակ ունի Նիկոլով զբաղվելու:

Բայց ո՞ր ոլորտում հոգնածներ չկան… Սոցապ, առողջապահություն, արդարադատություն, ԿԳՄՍ, արտաքին գործեր, ներքին գործեր, հակակոռուպցիոն, քննչական, էկոնոմիկա, տիեզերագնացություն, էներգետիկա… Ամենուր, լեզուները դուրս գցած, սպասում են բյուջեով հասանելիք գումարներին ու պարգեւավճարներին, որ իստակ լափեն, կանգնեն մի կողմ: Միով բանիվ, սա Նիկոլի այսօրվա կառավարության վիճակն ու կենսակերպն է: Ես սրան կասեի՝ պարապ գործերի կառավարություն: Եվ, պարոն Փաշինյան, հանկարծ չփորձես հակառակն ապացուցել, որովհետեւ դու էլ ես հոգնած: Այո, հենց այդպես, որովհետեւ ոչինչ չունես անելու այլեւս, բացի նոր տարածքներ հանձնելն ու Սահմանադրություն խեղաթյուրելը: Մնում է տեսնել, թե ինչպես ես դա անելու քո հոգնած կառավարությունով:
Մտնե՞նք ԱԺ… Այստեղ իրավիճակը մի փոքր այլ է, բայց հիմնական միտումը դարձյալ հոգնած քարշ գալն է: Դուք էն նախագահության եռյակի ճղճղոցներին չխաբվեք, դրանք հոգնածների ճղճղոցներ են, սպառնալիքներ, դեբոշներ: Ուզում են ցույց տալ, որ իշխանություն են: Դատախազը, ախր, դատախազ չէ: Մի օր գա, այս երեքին հավաքի տանի, տեսնեմ՝ տակն ինչ է մնալու: Դահլիճի էն թեւին մի հայացք գցեք, էլի… Ովքե՞ր են ՔՊ-ի առաջին շարքում, տեսե՞լ եք դրանց հոգնած դեմքերը՝ Միքայելյան Սասուն, Քոչարյան Անդո, Հարությունյան Արայիկ… Միով բանիվ՝ նիկոլական հնոտիք, որ ԱԺ-ում է հայտնվել ռոճիկից ռոճիկ գոյատեւելու համար: Դուք սրանց ընտրած հանձնաժողովների ՔՊ-ական նախագահներին նայեք մի հատ: Իրարից միայն սեռով են տարբերվում: Ո՛չ ոլորտից են բան հասկանում, ո՛չ պաշտոնի առաքելությունից: Դահլիճից մի թարս հարց են տալիս՝ լալկվում են, ընկնում սարուչոլ: Բա ի՞նչ էիք սպասում այս «կայտառ» հոգնածներից:

Համատարած գաղջ է, ու այս համատարած գաղջի մեջ Ալեն Սիմոնյանը հանկարծ հայտարարում է, որ ինքը շատ ակտիվ ԱԽՔ է լինելու: Թող լինի… Բայց արդյոք Ալեն Սիմոնյանը գիտի՞, որ ԱԽՔ-ի ակտիվությունն ուղիղ համեմատական է անվտանգության խնդիրների առատությանը: Ինչքան շատ են խնդիրները, այնքան ակտիվ է ԱԽՔ-ն: Մինչդեռ պարապ գործերի կառավարությունից մեզ հասած տեղեկություններով՝ Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է աշխարհում, ուր հավիտենական խաղաղություն է հաստատվել, իսկ միակ խնդիրն էլ Նիկոլի չընտրվելն է, քանզի այդ դեպքում ամեն ինչ կգնա գրողի ծոցը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *