Լատվիայում խոցված դրոնը ուկրաինական է եղել. ՊՆ-ում նշել են հավանական պատճառը

Լատվիայի ազգային զինված ուժերը հայտնել են, որ օգոստոսի 14-ին Բալվիի երկրամասի Ռուգայի շրջակայքում խոցված անօդաչու թռչող սարքը ուկրաինական է եղել, հայտնում է Delfi.

Լատվիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն երկրի օդային տարածք է մտել Բելառուսի տարածքից՝ ամենայն հավանականությամբ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությունից հետո։

Անօդաչուի մոդելի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն լատվիացի զինվորականները չեն հրապարակել, որպեսզի դա չազդի նախատեսված պաշտպանական միջոցառումների և Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունների վրա։

Օգոստոսի 14-ի գիշերը օդային տարածքին հնարավոր սպառնալիքի պատճառով տագնապ է հայտարարվել Լատվիայի հինգ երկրամասերում՝ Աուգշդաուգավայի, Պրեյլիի, Ռեզեկնեի, Բալվիի և Ալուքսնեի։ Անօդաչուն որսալու համար օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի՝ Բալթյան երկրների օդային տարածքի պարեկության առաքելության կործանիչները։

Դրոնի բեկորները հայտնաբերվել են նույն օրվա երեկոյան։ Մինչև օգոստոսի 15-ի առավոտ մասնագետները վնասազերծում էին հնարավոր պայթյունավտանգ բաղադրիչները։ Լատվիայի զինվորականները շարունակում են երկրի օդային տարածքի մշտադիտարկումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համատեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *