
Ռեժիսոր Ռիչարդ Էյրի «Երեխաների մասին օրենքը» կամ «Զարմանալի տիկին Մեյը» կինոնկարը ոչ այնքան դատավարությունների մասին դրամա է, որքան օրենքի, բարոյականության, կրոնական ազատության, մարդկային կարեկցանքի եւ ընտրության ազատության սահմանները հետազոտող ֆիլմ։
Կինոնկարն էկրան է բարձրացել 2017 թվականին։ Հիմքում Յեն Մաքյուենի համանուն վեպն է։ Մաքյուենն ինքն էլ գրել է կինոնկարի սցենարը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Էմմա Թոմփսոնը, Սթենլի Թուչին եւ Ֆիոնա Վեյթխեդը։ Կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին, Տորոնտոյում, կինոփառատոնի ժամանակ։ Կինովարձույթ դուրս է եկել 18 թվականին։ Տեւողությունը՝ 105 րոպե։ Կինոնկարում երեխաների եւ անչափահասների շահերը պաշտպանող բրիտանական օրենսդրությունն է։ Սակայն բովանդակային առումով այն շատ ավելի լայն է, քան իրավաբանական պրոբլեմատիկան։ Սյուժեի հիմքում Անգլիայի բարձր դատական ատյանի դատավոր Ֆիոնա Մեյն է։ Նա պետք է վճիռ արձակի՝ կապված տասնյոթամյա Ադամ Հենրիի գործի հետ։ Վերջինս հիվանդ է լեյկեմիայով։ Պատանուն անհրաժեշտ է արյան փոխներարկում, որով նրա կյանքը կփրկվի։ Սակայն նրա ծնողները եւ ինքը պատկանում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը, եւ նրանց հավատքն արգելում է արյան փոխներարկումը։ Նրանք հրաժարվում են փոխներարկումից, եւ հիվանդանոցը դիմում է դատական ատյանին՝ թույլտվություն ստանալու՝ հանուն երեխայի կյանքի փրկության։ Դա կոչվում է կյանքի հարկադիր փրկություն։ Դատավոր Մեյը, որ համակարգի մարդ է եւ հաշվի է առնում միայն ապացույցներն ու փաստարկները, պետք է որոշում կայացնի։ Նա պետք է հաշվի առնի նաեւ դատական նախադեպերն ու հստակ ձեւակերպի իր արձակելիք վճիռը։ Կինոնկարում չկան պարզ պատասխաններ։ Ամեն բան պետք է լինի հիմնավորված, փաստարկված, հստակ ու ոսկերչության աստիճան ճշգրիտ։ Էմմա Թոմփսոնը ֆիլմի թողարկումից հետո արժանացել է փայլուն գնահատականների։ Նրան հաջողվել է կերտել իր կարիերայի ամենաբարդ դերերից մեկը։ Նրա հերոսուհին արտաքնապես լիովին համապատասխանում է դատավորի ստանդարտներին, այն էլ՝ անգլուհի։ Նա հանգիստ է միշտ, զուսպ, խոսում է կշռադատված։ Լսում է միշտ ուշադիր։ Էմոցիոնալ արձագանքներ նրա մոտ հազվադեպ են պատահում։ Սակայն նա նաեւ մարդ է՝ իր ապրումներով, ընտանեկան խնդիրներով, եւ արտաքին կեղեւը շատ խաբուսիկ է։ «Երեխաների մասին օրենքը» կհետաքրքրի բոլոր նրանց, ում համար կինոն միայն ժամանց չէ, այլ մտորելու, կյանքի եւ գոյության փիլիսոփայական հարցերին անդրադառնալու եւ ծանրութեթեւ անելու առիթ։