
Ազգային ժողովում քննարկվում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար խմբակցությունը նախկինում ևս թեկնածու էր ներկայացրել։ Մի քանի օր առաջ առաջադրվել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքում նա չէր ստացել անհրաժեշտ աջակցությունը և չէր ընտրվել։
Քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը։ Նրա գնահատմամբ՝ ՔՊ-ի կողմից թեկնածուներին չաջակցելը խոչընդոտում է խորհրդարանի բնականոն աշխատանքին։
Ղազարյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը նախկինում առաջադրված թեկնածուներին ներկայացրել էր՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական կարողություններն ու համապատասխանությունը զբաղեցվելիք պաշտոններին։ Նա ընդգծեց, որ նախորդ քվեարկությունների ընթացքում խմբակցության ներկայացրած երեք թեկնածուներն էլ չեն ստացել ՔՊ-ի աջակցությունը, ինչի հետևանքով հարցը կրկին վերադարձել է խորհրդարանի օրակարգ։
Նոր թեկնածուի առաջադրումից հետո ԱԺ-ում այժմ քննարկվում է Լիանա Մանուկյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու հարցը։