«Հրապարակ»․ Գագիկ Ծառուկյանի դեմ գործ հարուցվեց, ՀՌՀ-ն սեւեռվեց «Կենտրոն»-ի վրա, իսկ ո՞վ պետք է սեւեռվի Հ1-ի վրա

«Հրապարակի» զրուցակիցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն է:

– Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը շաբաթներ առաջ տուգանել էր «Կենտրոն» հեռուստաընկերությանն այն բանի համար, որ հեռուստաընկերությունը լրատվական թողարկման 25 տոկոսը տրամադրել է Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական վարույթին, դրանով խախտելով օրենքը, որով համաչափության պահանջ է դրված տեսալսողական մեդիայի նկատմամբ: Հանձնաժողովը հուլիսի 8-10-ն իրականացրել է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրի հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունների մշտադիտարկում, որի արդյունքում «արձանագրվել է», որ լրատվական «նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը»։ Զավեշտալի է եւ տարակուսելի, որ նույն հանձնաժողովը չի անդրադառնում մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերությանը, մշտադիտարկում չի իրականացնում, չի պատժում, չի արձանագրում, որ մեր հարկերից սնվող Հանրայինը դարձել է իշխող քաղաքական ուժի խոսափողն ու սպասարկողը: Հանրայինի հասարակական-քաղաքական հաղորդաշարերը գրեթե ամբողջությամբ զբաղված են իշխանական քարոզչությամբ, ի՞նչ 25 կամ 45 տոկոսի մասին կարող է խոսք լինել: Դա էլ քիչ է, Հ1-ը զբաղված է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին, ընդդիմադիրներին սեւացնելու գործով: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին: Ի՞նչ եք կարծում` օբյեկտի՞վ է այս ամենը:

– Ես որեւէ հիմք չունեմ՝ հաստատելու կամ հերքելու այն տվյալները, որոնց հիման վրա որոշում է կայացրել ՀՌՀ-ն, բայց եթե ելնեմ իմ դիտարկումներից կամ իմ ղեկավարած կազմակերպության դիտարկումից, ապա պետք է ասեմ, որ Հայաստանում լրատվական դաշտը խիստ բեւեռացված է, եւ կողմնակալ լուսաբանումները, այս կամ այն ուժին սատարելը, ցավոք, դարձել են նորմալ: Լրատվամիջոցների մեծ մասը կա՛մ սերտաճել է ինչ-որ քաղաքական ուժի հետ, կա՛մ ասոցացվում է որեւէ ուժի հետ: Այս պայմաններում ես չեմ զարմանում, որ ցանկացած լրատվամիջոց ավելի շատ ուշադրություն է դարձնում այն քաղաքական ուժին, որի կողմից ֆինանսավորվում է: Բնականաբար, այս երեւույթը բնորոշ է նաեւ հեռարձակման ոլորտին, եւ որեւէ մեկի համար ՀՌՀ-ի եզրակացությունը նորություն չպետք է լինի: Հասկանալի է, որ «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, եւ այդ հեռուստատեսությունն ավելի շատ սպասարկում է Ծառուկյանի քաղաքական, ֆինանսական շահերը, քան հանրային շահը: Նույն բանը կարող եմ ասել նաեւ «Հինգերորդ ալիք»-ի մասին, որը սպասարկում է «Հայաստան» դաշինքի շահը, նույնը կարող ենք ասել «Երկիր մեդիա»-ի մասին, որը պրոդաշնակցական հեռուստաալիք է, «Ֆրի նյուզ»-ի մասին կարող ենք նույն բանն ասել, որը իշխանական է, եւ, իհարկե, նույնը կարելի է ասել Հանրային հեռուստաընկերության մասին, որը բոլոր իշխանությունների ժամանակ սպասարկել է այդ ժամանակվա իշխանության շահերը: Այսօր թեպետ ասում են, որ Հանրայինի դռները բաց են բոլոր ընդդիմադիր ուժերի առաջ եւ այլն, սակայն ակնհայտորեն իրենց բոլոր հրապարակումները պրոիշխանական են:

– Բայց չէ՞ որ մասնավորի եւ Հանրայինի միջեւ կա մեծ տարբերություն, այնպես, ինչպես լրատվական գործունեություն իրականացնող այլ միավորների, օրինակ` կայքերի եւ թիվիների մեջ է մեծ տարբերությունը: Մասնավորն ունի սեփականատեր, իսկ Հանրայինը հանրության հարկերից է ֆինանսավորվում եւ պարտավոր է հանրային շահը սպասարկել:

– Այս պարագայում խնդիր է առաջանում, որ ՀՌՀ-ն նկատել է միայն «Կենտրոն» հեռուստաընկերության բացը, եթե օբյեկտիվ մոնիտորինգ իրականացվի, անհնար է, որ չնկատեն, թե մյուս հեռուստաալիքները որ ուժերի քաղաքական շահերն են սպասարկում: Այստեղ ինչ-որ տեղ, իհարկե, քաղաքական կոնյունկտուրայի հետ հաշվի նստելու տպավորություն է ստեղծվում: Երբ Գագիկ Ծառուկյանի դեմ գործ հարուցվեց, ՀՌՀ-ն սեւեռվեց «Կենտրոն»-ի վրա: Այստեղ հարցեր են առաջանում` ինչո՞ւ է ոչ բալանսավորված լուսաբանումը բացառապես «Կենտրոն» հեռուստաընկերության պարագայում նկատվել: Եթե խնդրին մոտենանք օբյեկտիվորեն, ապա գրեթե բոլոր մասնավոր հեռուստաընկերություններում, ինչպես նաեւ Հանրայինում, կգտնենք նման խնդիրներ:

– Ի դեպ, Հանրայինն ունի կարմիր լոգոտիպով երկրորդ հեռուստաալիքը, որը փոխարինեց «Շողակաթ» հեռուստաընկերությանը` պետական բյուջեից ֆինանսավորման իմաստով: Այստեղ իրավիճակն ավելի սարսափելի է, եթե դասական Հ1-ը գոնե ժամանցային, մշակութային հաղորդումներ ունի, որոնց ժամանակ իշխանության մասին չի խոսվում, ապա այստեղ իրավիճակն ավելի վատ է` գրեթե 24 ժամ իշխանության գովքն է, ու վերջ:

– Այնքան էլ համաձայն չեմ, այնտեղ էլ կան հաղորդումներ, որոնք չունեն հասարակական, քաղաքական նշանակություն: Պետք է հստակ մոնիտորինգ անցկացնել, այնուամենայնիվ, որ Հանրային հեռուստաընկերությունն իշխանական է, դրանում ոչ մեկը չունի կասկած եւ չի կարող հերքել:

ՀԳ․ Մեր տեղեկություններով, այս հարցերը բարձրացվել են նաեւ ՀՌՀ նախագահի` Տիգրան Հակոբյանի մոտ, որն արդարացել է, թե ինքը մի քանի անգամ բանավոր զգուշացում արել է Հ1-ի ղեկավարությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *