Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է Միրզոյանին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետրիտիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ 

Գերապետրիտիսը վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ Հայաստանի դիվանագիտությունը կշարունակի արժեքավոր ներդրում ունենալ խաղաղության, կայունության և միջազգային համագործակցության գործում՝ տարածաշրջանային և միջազգային նշանակալի մարտահրավերների պայմաններում։

Հունաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա բարեկամությունը, որը հիմնված է սերտ պատմական կապերի, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև ամուր հարաբերությունների վրա։

«Ես ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության խորացման, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում մեր ընդհանուր շահերի առաջմղման ուղղությամբ՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների»,-ասվում է Հունաստանի ԱԳ նախարարի ուղերձում։  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *