
Փաշինյանը հայտարարում է․ «Կրթությունը մեզ համար ռազմավարությունների ռազմավարություն է»։ Բոլորիդ մեջ, երևի, նույն հարցն է առաջանում՝ եթե կրթությունն այդքան կարևոր է, եթե այն «ռազմավարությունների ռազմավարություն» է, կրթվեիր՝ ո՞վ էր խանգարում․․․ Բայց սա առաջին արձագանքն է միայն։ Երբ խորանում ես նրա հայտարարության բովանդակության մեջ, հասկանում ես, որ այստեղ շատ ավելի լուրջ հարց կա։ Հիբրիդային պատերազմի պայմաններում կրթությունը պարզապես կրթություն չէ։ Այն նաև պայքար է մարդու պատկերացումների, հիշողության, ինքնության ու արժեքների դեմ։
Եվ Փաշինյանը զուր չի իր Կրուպսկայայի հետ ներդրել «Կրթվելը նորաձև է» ծրագիրը։ Եթե կրթության անվան տակ մատուցվող բովանդակությունը հասարակությանը հեռացնում է հայրենիք հասկացությունից, ազգային արժեքներից, պատմական հիշողությունից ու հերոսների կերպարից, ապա պետք է հարցնել՝ ի՞նչ քաղաքացի է այդ կրթությունը ձևավորում։ Որովհետև կրթության ամենավտանգավոր ձևը ոչ միայն անգրագիտությունն է։ Ավելի վտանգավոր է այն կրթությունը, որը մարդուն գիտելիք է տալիս, բայց զրկում է սեփական պատմության, ինքնության և պետության նկատմամբ պատասխանատվության զգացումից։ Դա արդեն հիբրիդային պատերազմի ռազմավարությունների ռազմավարությունն է։ Եվ հենց սրա վրա պիտի կենտրոնանալ։
Հիբրիդային պատերազմի պայմաններում հենց սա է ամենախոցելի դաշտը։ Պատերազմն այլևս միայն սահմանին չէ։ Այն նաև մարդու պատկերացումների, հիշողության, ինքնության ու արժեքների մեջ է։
Ուստի հարցը պետք է այլ կերպ դնել․ եթե կրթությունը «ռազմավարությունների ռազմավարությունն» է, ապա ո՞րն է այդ ռազմավարության վերջնական նպատակը՝ կրթվա՞ծ քաղաքացի, թե՞ կառավարելի քաղաքացի։ Եվ այստեղ իշխանության խոստումները պետք է չափել ոչ թե կարգախոսներով, այլ արդյունքով։ Որովհետև բավական տարօրինակ իրավիճակում ենք հայտնվել․ կրթության քարոզիչը, իր իսկ խոստովանությամբ, յոթ տարի նույն դասարանում մնացածների շարքում լինելով, այսօր փորձում է մեզ կրթել՝ ներերակային սրսկումներով։
Եվ եթե այդ «կրթության» արդյունքում մենք հասել ենք այն կետին, որտեղ ստիպված ենք հանրային բանավեճի առարկա դարձնել՝ ազգ կա՞, ազգային ինքնություն կա՞, պատմություն ունե՞նք, հերոսներ ունե՞նք, հայրենիքը պարզապես տարածք է, թե՞ արժեք, ապա խնդիրը վաղուց դուրս է եկել կրթության սահմաններից։
Խնդիրը պետության գաղափարական անվտանգության մասին է։
Կրթությունը կարող է մարդուն ազատություն տալ։ Բայց սխալ ձեռքում այն կարող է մարդուն «ազատել» իր հիշողությունից, ինքնությունից և սեփական երկրի նկատմամբ պատասխանատվությունից։ Իսկ դա արդեն ոչ թե կրթության ռազմավարություն է, այլ՝ քաղաքական ռազմավարություն։ Փաշինյանի հայտարարած կրթությունը քաղաքական ռազմավարություն է։
Հենց այստեղ է պետք տալ ամենակարևոր հարցը․ ո՞վ է գրում այդ ռազմավարությունը և ի՞նչ քաղաքացի է ուզում տեսնել արդյունքում։