Ավետիք Չալաբյանի պաշտպանությունը միջնորդել է չեղարկել կալանքը, դատախազը պահանջել է հակառակը

Ավետիք Չալաբյանի պաշտպանությունը «Շենգավիթ» նստավայրում սկսված նիստում միջնորդել է չեղարկել կալանքը։

Չալաբյանի փաստաբաններն արձանագրել են կալանքի համար հիմքերի բացակայությունը ինչպես խափանման միջոցը որոշելու պահին, այնպես էլ այժմ։

Պաշտպանությունը նաև ներկայացրել է Չալաբյանի երեխաների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, ինչը կարևոր նշանակություն ունի նրա ազատության մեջ գտնվելու տեսանկյունից։ Պաշտպանության կարծիքով՝ խախտվել է Ավետիք Չալաբյանի անմեղության կանխավարկածը։

Փաստաբանները միջնորդել են կիրառել 15 մլն դրամի չափով գրավ, որպեսզի չսահմանափակվի նրա տեղաշարժը։ Պաշտպանությունը նաև հայտնել է, որ եթե դատարանի մոտ հարցեր առաջանան Չալաբյանի գույքի մասով, ապա նախկինում նա բարձր վարձատրվող աշխատանք է ունեցել։

Չալաբյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում բարեգործությունն ընկալվում է որպես հանցագործություն, և որպես օրինակ բերել է Սամվել Կարապետյանին։ Դատավորը խնդրել է չքաղաքականացնել։

«Այս ամբողջ գործը իրականության աղավաղման դասական օրինակ է։ Գործը վաղուց պետք է կարճված լիներ, այն որևէ առնչություն չունի իրականության հետ։ Ամեն ինչ նախաձեռնվել է 2 նպատակով՝ խոչընդոտել քաղաքական գործունեությանը և ճնշում, բռնաճնշումներ գործադրել»,- նշել է Չալաբյանը։ Նա հավելել է, որ այդ պատճառով ցանկացած խափանման միջոց պետք է բացառվի։ Սակայն հասկանալով, որ դա չի արվելու, Չալաբյանը միացել է փաստաբանների միջնորդությանը։

Մեղադրող կողմը կարծում է, որ կալանքի համար հիմքեր կան, այսինքն՝ դատախազը կարծում է, որ Չալաբյանը կարող է ազդեցություն գործադրել վկաների վրա, ինչպես նաև փորձել թաքնվել դատարանից։ Արդյունքում՝ դատախազը միջնորդել է կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։ Դատավորը նկատել է, որ միայն վկայի առկայության փաստը բոլորովին չի նշանակում հնարավոր ճնշում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *