Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան


Աշխարհ


Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը, որի մասին հայտարարել է Միացյալ Նահանգները, տնտեսական ահաբեկչություն է, և դրանում ներգրավված անձինք անպայման կկրեն արժանի պատիժ, ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարության մեջ։

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է և հանցագործություն մարդկության դեմ»,- նշված է փաստաթղթում։ Իրանական գերատեսչությունից ընդգծել են, որ «ԱՄՆ վարչակազմը, պատժամիջոցների ծրագրերը մշակողներն ու դրանք իրագործողները պետք է կրեն համապատասխան պատիժներ»։

Իրանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ նոր սահմանափակումների կիրառումը «ԱՄՆ-ի ձախողված քաղաքականության շարունակությունն է, և դրա կրկնությունը կհանգեցնի միայն նոր ձախողման»։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ոչ մի պատժամիջոց կամ սահմանափակում «չի սասանի սեփական անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու իրենց վճռականությունը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սկսում է Իրանի դեմ աննախադեպ «տնտեսական պատերազմ»։ Նա նաև զգուշացրել էր, որ այն երկրները, որոնց բանկերը, ընկերությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները կօգնեն Թեհրանին, կտուժեն ԱՄՆ-ի ծանր տնտեսական պատժամիջոցներից։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ուզում է, որ իր բոլոր դաշնակիցները կանգնեն ԱՄՆ-ի կողքին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *