Չինաստանը և Ինդոնեզիան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Չինաստանը և Ինդոնեզիան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը, ինչպես նաև ավելի սերտ փոխգործակցել օգտակար հանածոների, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում։

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, որը Չինաստանի պաշտպանության նախարարի հետ միասին ժամանել էր Ջակարտա՝ ինդոնեզացի գործընկերների հետ բանակցությունների համար, կոչ է արել երկու երկրներին «օգտվել պահից»։

«Ներկայիս միջազգային իրավիճակը խճճված է և բարդ։ Միակողմանի գործողություններն ու հեգեմոնիստական ձգտումները լուրջ ազդեցություն են ունենում գլոբալ համագործակցության և կայունության վրա», — նշել է Վան Ին իր բացման խոսքում։

Նրա խոսքով՝ Չինաստանը մտադիր է «ակտիվորեն զարգացնել չին-ինդոնեզական բարձր մակարդակի համագործակցությունը»։

Կողմերը պայմանավորվել են փոխգործակցել միանգամից մի քանի ուղղություններով՝ արհեստական բանականությունից, պաշտպանության և երկաթուղային տրանսպորտից մինչև կանաչ էներգետիկա, արբանյակային տեխնոլոգիաներ և ձկնորսություն։

Վան Ին հայտնել է, որ Պեկինն ու Ջակարտան պայմանավորվել են աջակցել միմյանց հիմնական շահերին և ակտիվացնել համագործակցությունն էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում։

Չինաստանի պաշտպանության նախարար Դուն Ցզյունին ուրբաթ դիմավորել էր պատվո պահակախումբը՝ ինդոնեզացի գործընկեր Սյաֆրի Սյամսոեդդինի հետ բանակցություններից առաջ։

«Երկու զինված ուժերի միջև համագործակցության հեռանկարները լայն են, և այս համագործակցությունը դառնում է ավելի որակյալ և արդյունավետ», — հայտարարել է Դուն Ցզյունը։

Սյամսոեդդինի խոսքով՝ երկրների միջև ռազմական փոխգործակցությունը կընդլայնվի։ Խոսքը համատեղ զորավարժությունների, սպայական կազմի փոխանակման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործընկերության մասին է։

«Սա առաջադիմական քայլ է, որը ձեռնարկվում է ներկայիս դարաշրջանում, Ինդոնեզիայի պաշտպանական ներուժն ամրապնդելու համար՝ թե՛ հիմա, թե՛ ապագայում», — ասել է ինդոնեզացի նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *