Պառավաքար գյուղի բնակիչների տանը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով  օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 20-ին զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել  Պառավաքար գյուղի 61-ամյա մի բնակչի։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի 376 փամփուշտ, 12,5 մմ տրամաչափի փամփուշտի 87 գնդակ և «ԱԳՍ» տիպի նռնականետի նռնակ։

61-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։Կատարվում է նախաքննություն։

Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու մասին օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Պառավաքար գյուղի 32-ամյա բնակչի վերաբերյալ։ Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ավտոտնակում ապօրինի պահվող «ԱԿ»  տեսակի ինքնաձիգ։ 

32-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *