Այն, ինչ պետք է իմանալ այս իշխանության մասին

Հայաստանում այսօր իշխանություն գոյություն չունի: Այն, ինչ կոչվում է իշխանություն, ինքնիրավչության մեթոդներով աշխատող մի փոքրիկ խմբակ է, որ հանգամանքների բերումով իր բուռն է հավաքել ուժային կառույցներն ու իրավապահ համակարգը: Այլ բան փնտրել, որ մեզ կհուշի, թե գործ ունենք պետության, պետական նիստուկացի, պետության արտաքին եւ ներքին քաղաքականության հետ, պարզապես չկա: Կինետիկ էներգիա, իներցիա… Գիտեք, չէ՞, ինչեր են սրանք: Արդ, Հայաստանն այսօր մի ֆիզիկական մարմին է, որն օժտված է կինետիկ էներգիայով եւ առաջ է գնում (ես կասեի՝ շարժվում է) իներցիայի օրենքներով: Ու եթե մի X պահի էլ գահավիժենք, ապա նշված ֆիզիկական երեւույթներին կավելանա նաեւ ազատ անկումը, որի արագացումը, ինչպես գիտենք, հաշվարկվում է մետր/վայրկյաններով: Իզուր մի փնտրեք ոչինչ՝ ո՛չ պաշտպանություն, ո՛չ անվտանգություն, ո՛չ ապահովություն ունենք, ո՛չ անկախություն, ո՛չ ինքնիշխանություն: Մենք անգամ սահմաններ չունենք՝ որպես պետություն: Մեր ճակատագիրը որոշում են ուրիշները՝ ինչպիսի սահմանադրություն ունենանք, ունենա՞նք, առհասարակ, սահմանադրություն, թե՞ չունենանք: Ես արդեն չգիտեմ՝ այս անհասկանալի «պետություն-գոյացությանն» օրենսդրություն պե՞տք է, թե՞ պետք չէ: Ինձ, օրինակ, բացարձակապես պետք չեն ո՛չ քրեական, ո՛չ քաղաքացիական, ո՛չ էլ որեւէ այլ տիպի օրենք ու օրենսդրություն, որոնք գործում են միայն իմ դեմ եւ ոչ երբեք իշխանություն կոչվող այս փոքրիկ խմբակի:

Փաշինյանի ճամարտակությունների առյուծի բաժինը վերաբերում է մեր անկախությանն ու ինքնիշխանությանը: Անկախությունն ու ինքնիշխանությունը, սակայն, գեղեցիկ էպիտետներ են, որոնք այսօր արհեստականորեն գործածվում են «Հայաստանի Հանրապետություն» եզրույթի կողքին: Անունը կա, ինչպես ասում են, ամանում չկա: Ինքներդ դատեք՝ երեկ էր, որ ԵԱՏՄ համաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ մեր արտաքին քաղաքականության փոփոխության մեջ մեծ դեր է խաղացել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: «Ծիպը»՝ նա իր հայտարարություններով մեզ դրդել է հեռանալ ԵԱՏՄ-ից եւ որդեգրել եվրոպական ուղղությունը… Եղբայր, նա Լուկաշենկոն է, կարող է դրդել էլ, բրթել էլ, ուրեմն դու պետք է ենթարկվե՞ս, դու ինքնուրույնություն չունե՞ս, անկախություն չունե՞ս, դու այնքան ինքնիշխան չես, որ ինքդ չես կարողանում որոշե՞լ՝ որն է քո շահերից բխում՝ ԵԱՏՄ-ում մնա՞լը, թե՞ ԵՄ գնալը:
Եվ սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանն ակամա «ծակվում» է ու խոստովանում, որ Հայաստանն անկախ պետություն չէ: Նա դա քանիցս արել է՝ արտաքին մեղավորներ փնտրելով՝ իր ձախավեր արտաքին քաղաքականությունն արդարացնելու նպատակով: Հիշենք թեկուզ ՀԱՊԿ-ին ուղղված նրա մեղադրանքները թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք: Դեռ մի կողմ եմ թողնում այն փաստը, որ Փաշինյանն ավելի վաղ էր հայտարարել, թե ինքը ոչ թե Արցախի Հանրապետության, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետն է եւ չի էլ պատրաստվում բանակցություններ վարել Արցախի հարցով: Բայց մենք գանք ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցմանը: Ուրեմն, արդեն իսկ թուրք-ադրբեջանական դիվանագիտության ճանկերում հայտնված Փաշինյանը, որպեսզի չպայքարի ադրբեջանական ներխուժումների դեմ (մենք կես լճի համար պատերազմ չենք հայտարարելու), մեղադրում է ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը չպաշտպանելու մեջ, եւ սառեցնում Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին: Ի՞նչ անուն տալ նման ղեկավարին, որն իր արտաքին գործատուների դրդմամբ լուծարեց Մինսկի բանակցային խումբը, հիմա էլ ՀԱՊԿ-ից է դուրս գալիս՝ չունենալով որեւէ այլ պաշտպանական միջավայր:

Ընկերս՝ Կարեն Խանլարյանը, իր ֆեյսբուքյան էջում մի հարց է բարձրացրել, որի պատասխանը բոլորս գիտենք, բայց լավ կլիներ, որ Նիկոլն ինքը պատասխաներ դրան: Նա հարցնում է. «… եթե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական տա 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիային եւ հանցավոր նկատի Ադրբեջանի իշխանություններին, ապա ի՞նչ է լինելու ՀՀ իշխանությունների կեցվածքը։ Արդյոք Փաշինյանը ե՞ւս կդատապարտի Ալիեւին․․․»: Կա նաեւ պատասխանը. «Փաշինյանը, ըստ ամենայնի, չի համարձակվի նման քայլի գնալ, դա պարզից էլ պարզ է։ Եվ, ուրեմն, ինչո՞ւ է նա «արտաքին վեկտորի փոփոխության» իր արկածախնդիր ռազմավարությունն այսօր պայմանավորում ՀԱՊԿ-ի հայտարարություններով ու գնահատականներով»:

ՀԳ. Ցանկացած նորմալ երկրի խորհրդարան այդ երկրի պետականության, ինքնիշխանության եւ անկախության ատրիբուտներից մեկն է: Կասե՞ք ինձ, թե ինչ տանձիս ատրիբուտն է այս խորհրդարանը, որ ունենք մենք: Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան, Արայիկ Հարությունյան, Սասուն Միքայելյան, Անդրանիկ Քոչարյան, ոմն Եղոյան… Սրա՞նք պիտի այնպես անեն, որ «անկախություն» եւ «ինքնիշխանություն» բառերը չմնան որպես գեղեցիկ էպիտետներ՝ «Հայաստանի Հանրապետություն» եզրույթին կպած, այլ դառնան իրականություն, որպիսին հարիր է բոլոր պետություններին: Անձամբ ես հույս չունեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *