«Financial Times»-ում հրապարակված վերլուծության համաձայն՝ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ փակ սահմանը վերաբացելու հնարավորությունը՝ Եվրոպան և Ասիան կապող նոր առևտրային ուղի ձևավորելու նպատակով։
Խոսքը մասնավորապես Ալիջանի սահմանային անցակետի մասին է, որը փակ է շուրջ 32 տարի։ Ըստ վերլուծության՝ Անկարան արդեն սկսել է սահմանային անցակետի ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներ։
Նշվում է, որ այս քայլը կարող է դառնալ «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ, որը Չինաստանից դեպի Եվրոպա բեռների տեղափոխման տևողությունը կարող է կրճատել մոտ 40 օրից մինչև 12–15 օր։
Վերլուծության մեջ նշվում է նաև ԱՄՆ աջակցությամբ առաջ քաշվող TRIPP նախաձեռնությունը, որի նպատակը այլընտրանքային առևտրային ուղիների ձևավորումն է՝ շրջանցելով ծովային երթուղիները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը։
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ նախագիծը բախվում է մի շարք լուրջ խոչընդոտների՝ ենթակառուցվածքային սահմանափակումներ, տարբեր չափանիշներով երկաթուղային համակարգեր, բարդ մաքսային ընթացակարգեր և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկեր։
Ըստ վերլուծական հոդվածի՝ Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ հանգույց, սակայն ծրագրի իրականացումը մեծապես կախված է քաղաքական պայմաններից և տարածաշրջանային կայունությունից։
Ermenihaber