Իսպանիայի Վալենսիա շրջանում իշխանություններն ուրբաթ օրը հրահանգել են տարհանել Գատովա գյուղը արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով։ Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը եղել է ամպրոպի ժամանակ կայծակի հարվածը։
Հարյուրավոր բնակիչներ բջջային հեռախոսներով արտակարգ հաղորդագրություն են ստացել՝ բնակավայրն անհապաղ լքելու պահանջով և շարժվել են դեպի հարավ։ Սովորաբար Գատովայում բնակվում է մոտ 450 մարդ, սակայն ամռանը գյուղի բնակչությունը գրեթե կրկնապատկվում է, հայտնում է իսպանական պետական RTVE հեռուստառադիոընկերությունը։
Կրակը արդեն մոտեցել է բնակելի թաղամասերին, իսկ գյուղը պատվել է խիտ ծխով։ Հրդեհի դեմ պայքարելու համար ուղարկվել են Արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանման (UME) զինծառայողներ, բազմաթիվ հրշեջ ջոկատներ և ուղղաթիռներ։
Հրդեհը սկսվել է հինգշաբթի ուշ երեկոյան՝ Սիեռա Կալդերոնա բնական պարկում կայծակի հարվածից հետո։ Կրակի տարածմանը նպաստում են երաշտը և ռեկորդային բարձր ջերմաստիճանները, որոնց հետևանքով բուսականությունը դառնում է չափազանց չոր և հեշտությամբ բռնկվում։
Եվրոպական հանձնաժողովի տվյալներով, տարեսկզբից Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով արդեն ոչնչացվել է ավելի քան 297 հազար հեկտար տարածք։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 425 խոշոր հրդեհ։