
Վերջին ամենակուրիոզ դրվագներն ԱԺ-ից. ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանն իր ելույթն «անվանակնքեց» «թքած ունենալու նուրբ արվեստը», կարդաց Պատկանյանի «Հայերուս թուքը» բանաստեղծությունը։ Սա կարող է հերթական քաղաքական բանավեճը թվալ, բայց բանաստեղծության իմաստն ընդդիմախոսին «թքի մեջ շաղախելը» չէ, այն ազգային անտարբերության, շահով առաջնորդվելու մասին քննադատություն է։ Կոմիզմը հենց այս է․ օրենսդիր մարմնում երկրի խնդիրների քննարկման փոխարեն քաղաքական բանավեճը հասնում է ..․ երկրի խնդիրների վրա «թքելու նուրբ արվեստին»։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արեգա Հովսեփյանին հարց է ուղղվել՝ ընդդիմությունը պատրաստվում է այդ բառապաշարո՞վ շփվել եվրոպացի գործընկերների հետ։ Պատասխանեց, որ եթե իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները սկսեն մեջբերել, բարեկրթությունից կմնա «բ» տառը, իսկ կառուցողականությունից՝ «կ»-ն։ Սա քաղաքական սատիրայի ժանրից է. իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է կոպիտ բառապաշարի մեջ, ընդդիմությունը պատասխանում է՝ «ձեր ղեկավարի խոսքերը մեջբերենք՝ բարեկրթությունը կվերանա»։ Արդյունքում երկու կողմն էլ քննարկում է, թե ով ումից ավելի վատ բառ է ասել։
Նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը «կարգապահական» միջոց կիրառեց Դավիթ Ղազինյանի նկատմամբ եւ անվտանգության աշխատակիցներին հրահանգեց դուրս հրավիրել նրան։ Տեսարանն ինքնին աբսուրդային էր. Ազգային ժողով՝ վայր, որտեղ պետք է խոսել, պատգամավոր՝ մարդ, որի հիմնական գործիքը խոսքն է։ Նիստը վարող՝ նա, ով պետք է ընդամենը կազմակերպչական գործառույթ ունենա, անվտանգության աշխատակից, որը չպետք է ներկա գտնվի խորհրդարանում, եւ լուծման միջոցը` ֆիզիկական բռնություն, որը պետք է ողջ երկրում բացառվի։
Էդուարդ Աղաջանյանն Արեգա Հովսեփյանին հարցնում է` եթե հանրաքվե լիներ, նա կողմ կլիներ ԵՄ-ի՞ն միանալուն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն։ Սա արդեն ավելի մեծ աբսուրդ է։ Հանձնաժողովի նախագահի թեկնածուին կարելի է հարցնել՝ ինչ է պատկերացնում եվրաինտեգրում ասելով, ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, ինչ տնտեսական ռիսկեր կան, ինչ հարաբերություն պետք է ունենալ ԵՄ օրենսդրության հետ, ինչ ժամկետներ է պատկերացնում… բայց քննարկումը վերածել` «ԵՄ, թե ԵԱՏՄ» երկընտրանքի, երբ խոսողը եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածուն է, անհեթեթ է։
Այս ամենը տեղի է ունենում, երբ երկրում կան անվտանգության, բանակի, տնտեսության, էներգետիկայի, ժողովրդագրության եւ արտաքին քաղաքականության ծանր հարցեր։ Ամենամեծ աբսուրդը ոչ թե առանձին պատգամավորի արտահայտությունն է, այլ այն, որ քաղաքական համակարգը պետական լուրջ հարցերը վերածում է «բառամարտի»:
Օգոստոսի 20-ին Նիկոլ Փաշինյանին հարց են տալիս. «Ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցի մասնագետները եղել են Հայաստանի տարածքում»: Հաստատում է՝ եղել են: Իսկ ո՞վ է թույլ տվել, ի՞նչ կարգավիճակով, ի՞նչ քարտեզներ կամ տեխնիկական տվյալներ են օգտագործել, Հայաստանի պետական ո՞ր մարմինն է ընդունել-վերահսկել։ Պատասխանն է՝ «նոր բան չկա»: Ապա խոսում է, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ, հատկապես AI-ի ոլորտի խոշոր սպառողների պատճառով, եւ «գլխավորը»՝ Հայաստանի ռազմավարությունը 100 տոկոսանոց էներգետիկ անկախությունն է, բայց… հնարավոր է էլեկտրաէներգիա ներմուծել, այդ թվում՝ Ադրբեջանից։ Կրկին հաղորդակցական հնարք։ Հարցը սա էր. «Եթե ԱԷԿ-ը փակվում է, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Ադրբեջանը դառնա մեր էներգետիկ մատակարարը»։ Պատասխանը տեղափոխվում է այլ հարթություն. «Մենք կարող ենք ե՛ւ արտահանել, ե՛ւ ներմուծել, միջազգային առեւտուր է»։ Հարցը մնում է անպատասխան. ինչպիսի՞ կախվածություն կարող է առաջանալ, եւ ինչպիսի՞ անվտանգության երաշխիքներ են նախատեսվում։ Փաշինյանը պատասխանում է տնտեսական տեսանկյունից, մինչդեռ հարցը քաղաքական է` ազգային անվտանգության տեսանկյունից։ «100 տոկոսանոց էներգետիկ անկախությունն» ու Ադրբեջանից ներմուծումն ինչպե՞ս են համադրվում: Նույն պատասխանի մեջ ընդունում է, որ կարող է էլեկտրաէներգիա ներմուծվել Ադրբեջանից։ Իսկ մեզ հետաքրքրում է՝ եթե ներմուծումը անհրաժեշտություն չի լինելու, ապա ինչո՞ւ է Ադրբեջանի էներգետիկ առաջարկը քաղաքական օրակարգում հայտնվում հենց հիմա։
Փաշինյանի «շրջանցելու» մեթոդը հարցին պատասխանելու փոխարեն հարակից հարցին պատասխանելն է։ Տեխնիկան մոտավորապես այսպիսին է. կոնկրետ հարցից վերցնում է դրա մեջ եղած մեկ բառը կամ ենթադրությունը, ունկնդիրը զգում է, որ «պատասխան ստացավ», բայց հարցի ամենակարեւոր մասը մնաց չպարզաբանված։ Սա բավական ուժեղ տեխնիկա է, որովհետեւ մարդը չի ստանում բացահայտ ժխտում՝ «չեմ պատասխանի», ստանում է 15-20 նախադասությամբ պատասխան, որի երկարությունը ստեղծում է պատասխանի պատրանք։
Եզրակացություն. վերջին օրերի ԱԺ-ի տեսարանների եւ վարչապետի հաղորդակցական ոճի միջեւ նույն երեւույթն է՝ բովանդակային հարցի տեղափոխում երկրորդական հարթություն։
«Ի՞նչ քաղաքականություն ենք առաջարկում» հարցն ԱԺ-ում վերածվում է «ով ինչ բառ ասաց»-ի։ Փաշինյանի դեպքում՝ «ո՞վ, ինչպե՞ս եւ ի՞նչ իրավական հիմքով է գործել»-ը՝ «այդ մասին նախկինում էլ ասել ենք»-ի։
Ժողովրդավարության համար շատ ավելի վտանգավոր է ոչ թե այն, որ քաղաքական գործիչը երբեմն սխալ կամ ծիծաղելի բան է ասում, այլ այն, որ քաղաքացին կարող է լսել երկար պատասխան եւ (չ)նկատել, որ իր հարցը մնացել է անպատասխան։