Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի մասին, որը տևել է գրեթե երկու ժամ։
Ըստ նրա, զրուցակիցները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների, սպառազինության մատակարարումների և հետագա դիվանագիտական աշխատանքի վրա։
«Ես շատ լավ զրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այսօր մենք գրեթե երկու ժամ խոսել ենք բոլոր ամենակարևոր հարցերի մասին։ Եվ առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության անհրաժեշտության մասին», — գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Մակրոնը պատրաստ է օգնել Կիևին բանակցություններ վարել այլ գործընկերների հետ, որոնք ունեն Patriot համալիրների համար անհրաժեշտ հրթիռներ։ Կողմերը քննարկել են նաև ֆրանսիական ՀՕՊ-ի հնարավորությունները։
«Ես Էմանուելին տեղեկացրել եմ հարվածների հետ կապված իրավիճակի մասին։ Ես շնորհակալ եմ զոհվածների կապակցությամբ ցավակցությունների համար։ Մենք պայմանավորվել ենք արագացնել նորագույն ֆրանսիական սարքավորումների և հրթիռների մատակարարումները։ Շնորհակալություն հրթիռների արտադրության համար լիցենզիաներ տրամադրելու պատրաստակամությունը հաստատելու համար», — հայտարարել է Զելենսկին։
Բացի այդ, նախագահները քննարկել են Ուկրաինայի դիվանագիտական աշխատանքը գործընկերների հետ և կապերը ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ։ Ըստ Զելենսկու, կողմերը համաձայնեցրել են քայլեր, որոնք կարող են լրացուցիչ դիվանագիտական հնարավորություններ բացել։
«Մենք նաև քննարկել ենք ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ այս և հաջորդ տարի մեր պաշտպանությունն ապահովելու համար։ Մենք սահմանել ենք մեր երկկողմ հարաբերությունների շրջանակում պաշտպանական համաձայնագրերը, որոնց իրականացումը պետք է արագացվի», — հավելել է Ուկրաինայի նախագահը։