Գերմանիայի Գավաթի առաջին փուլի՝ Մանհայմում կայացած «Վալդհոֆ»-«Կայզերսլաուտերն» հանդիպումն ավարտվել է զանգվածային անկարգություններով, հայտնել է dpa-ն։
Ոստիկանության տվյալներով՝ տուժել է իրավապահ մարմինների 35 աշխատակից, մի քանի երկրպագուներ ձերբակալվել են։
Ընդհանուր առմամբ, բժշկական օգնության կարիք է ունեցել 85 մարդ, որոնցից ութը տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ նրանց վնասվածքները թեթև են եղել։
«Կարլ-Բենց» մարզադաշտում կայացած՝ իսպառ վաճառված տոմսերով խաղին ներկա է եղել մոտ 23,5 հազար հանդիսատես, այդ թվում՝ «Կայզերսլաուտերնի» մոտ 3,5 հազար երկրպագու։ Խաղի ընթացքում տրիբունաներում բազմիցս պայթուցիկ նյութեր են գործարկել։
Իրավիճակը կտրուկ սրվել է հիմնական ժամանակի ավարտից հետո, երբ հաշիվը մնում էր 0:0։ Խաղադաշտում ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած բախումից հետո «Կայզերսլաուտերնի» որոշ երկրպագուներ ճայթռուկներ են արձակել հանդիսատեսների սեկտորի ուղղությամբ։ Ի պատասխան՝ «Վալդհոֆի» երկրպագուները խուժել են խաղադաշտ։ Կարգուկանոնը վերականգնելու համար ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել։
Հանդիպման անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել էր անվտանգության ծառայության մոտ 1,4 հազար աշխատակից։ Լրացուցիչ ժամանակի մեկնարկը ստիպված են եղել հետաձգել, իսկ խաղի անցկացումը հայտնվել է տապալման վտանգի տակ։ Խաղի վերսկսումից հետո իրավիճակը խաղաղ է մնացել։ Ավելի ուշ հրշեջները մարել են հյուրերի սեկտորում երկրպագուների հրահրած հրդեհը։
Ոստիկանությունը հետաքննում է հնարավոր հարձակումները, գույքի վնասումը, հասարակական կարգի խախտումը, իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումները և պայթուցիկ նյութերի օգտագործման վերաբերյալ օրենսդրության խախտումները։
«Սա սովորական դերբի չէր։ Նա, ով ֆուտբոլն օգտագործում է որպես բռնության հարթակ, գիտակցաբար վտանգի է ենթարկում մյուս երկրպագուներին և, առաջին հերթին, վնասվածքներ հասցնում անվտանգության ծառայությունների աշխատակիցներին․ նա ոչ թե երկրպագու է, այլ հանցագործ», — հայտնել է Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողի ներքին գործերի նախարար Մանուել Հագելը։
Հանդիպումն ավարտվել է «Կայզերսլաուտերնի» հաղթանակով՝ 1:0 հաշվով։ Միակ գոլը խփվել է լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին, ինչը թիմին հնարավորություն է տվել դուրս գալ Գերմանիայի Գավաթի երկրորդ փուլ։