Անգլիայում և Ուելսում 2028 թվականի դեկտեմբերից կարող են սկսել կիրառել սեռական ցանկությունը նվազեցնող դեղամիջոցներ այն հազարավոր տղամարդկանց նկատմամբ, որոնք պատիժ են կրում սեռական հանցագործությունների համար։ Այս մասին հայտնել է պրոֆեսոր Բելինդա Ուինդերը, որն ուսումնասիրել է նման դեղամիջոցների կիրառումը բրիտանական բանտերում, հայտնել է The Guardian-ը։
Նրա գնահատմամբ՝ բուժումը կարող է առաջարկվել սեռական հանցագործությունների համար դատապարտված մոտավորապես յուրաքանչյուր չորրորդ կալանավորին, այսինքն՝ Անգլիայի և Ուելսի մոտ 15 հազար նման կալանավորներից շուրջ 3,75 հազարին։
Խոսքը վերաբերում է MMPSA կամավոր ծրագրի ընդլայնմանը՝ խնդրահարույց սեռական գրգռվածությունը վերահսկելու թերապիային։ Այժմ փորձնական նախագիծը գործում է 10 բանտում, նոյեմբերից նախատեսվում է այն ընդլայնել՝ մինչև 20 հաստատություն։ Ծրագիրը պետք է տարածվի նաև Անգլիայի հարավ-արևմուտքից դեպի երկրի հյուսիս-արևմուտք և հյուսիս-արևելք։
Մասնակիցներին կարող են նշանակել, մասնավորապես, հակադեպրեսանտներ, օրինակ՝ սերտրալին, որոնք օգնում են նվազեցնել սևեռուն սեռական մտքերը, ինչպես նաև հակաանդրոգեն դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են տեստոստերոնի մակարդակն ու սեռական ցանկությունը։ Որոշ դեպքերում տեստոստերոնի մակարդակը կարող է նվազել մինչև սեռահասունությանը նախորդող տարիքին բնորոշ ցուցանիշների։
Ուինդերը կարծում է, որ փորձնական նախագծի հաջող իրականացման դեպքում ծրագիրը հնարավոր կլինի տարածել Անգլիայի և Ուելսի բանտերի և պրոբացիոն ծառայությունների վրա մինչև 2028 թվականի դեկտեմբերը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ դրա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են բժշկական հսկողություն, հոգեբանական աջակցություն և պատրաստված մասնագետներ։
Բրիտանական իշխանությունները նաև վերանայում են նման դեղամիջոցների հնարավոր պարտադիր կիրառման ծրագրերը ամենավտանգավոր սեռական հանցագործների, այդ թվում՝ մանկապիղծների և բռնաբարիչների նկատմամբ։ Արդարադատության նախկին նախարար Շաբանա Մահմուդն ավելի վաղ հայտարարել էր կամավոր, ապա նաև պարտադիր «քիմիական ամորձատում» ներդնելու հնարավորությունն ուսումնասիրելու մտադրության մասին։
Սակայն փորձագետները հանդես են գալիս հարկադրական մոտեցման դեմ։ Ուինդերը նշել է, որ պարտադիր բուժումը կպահանջի մեծ թվով կալանավորների հետազոտություն, կարող է խաթարել վստահությունը բժիշկների նկատմամբ և ստեղծել լրացուցիչ ռիսկեր թերապևտիկ հարաբերությունների համար։ Բացի այդ, նա «քիմիական ամորձատում» տերմինը համարում է ոչ ճիշտ, քանի որ դեղամիջոցների ազդեցությունը շրջելի է, իսկ արդյունքը պահպանելու համար դրանք պետք է ընդունել պարբերաբար։
Ծրագրի լայնածավալ ներդրման հակառակորդները նաև մատնանշում են երկարաժամկետ հետազոտությունների պակասը։ Տեստոստերոնի երկարատև ճնշումը կարող է բարձրացնել օստեոպորոզի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը։
Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարությունը մտադիր է պայքարել սեռական հանցագործությունների պատճառների դեմ, ուստի արագացնում է գործող փորձնական ծրագրի ընդլայնումը։