Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին սուլոցներով և բացականչություններով են դիմավորել Հեյ բնակավայր նրա այցի ընթացքում, որը գտնվում է Հյուրթգենվալդ համայնքում և տուժել է Հյուսիսային Հռենոս — Վեսթֆալիա դաշնային հողի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհից, հայտնել է Euronews-ը։
Մերցը տարածաշրջան է ժամանել հրդեհն ամբողջությամբ մարելուց երկու օր անց։ Նա զննել է տուժած անտառը և շնորհակալություն հայտնել հրշեջներին, փրկարարներին և արտակարգ ծառայությունների մյուս աշխատակիցներին, որոնք մասնակցել էին հրդեհի մարմանը։
Հեյի կենտրոնական հրապարակում հավաքվել էին բազմաթիվ տեղացիներ։ Երբ կանցլերը ելույթ էր ունենում նրանց առջև, նրա խոսքը բազմիցս խլացնում էին սուլոցներն ու բացականչությունները։ Կամավոր հրշեջներից մեկը դժգոհողներին կոչ է արել իրենց էներգիան ուղղել փրկարարներին օգնելուն և միանալ հրշեջ ծառայությանը կամ THW տեխնիկական ծառայությանը։
Մերցը հայտարարել է, որ դիտավորյալ չէր եկել Հյուրթգենվալդ հրդեհի ակտիվ փուլի ընթացքում, որպեսզի չխանգարի արտակարգ ծառայությունների աշխատանքին։ Նրա խոսքով՝ ինքը պարբերաբար տեղեկություններ էր ստանում իրավիճակի մասին և տեղի իշխանություններից հետաքրքրվում էր, թե ինչ օգնություն է անհրաժեշտ կրակը հնարավորինս արագ մարելու համար։
«Ինձ չեն տպավորում նրանք, ովքեր կանգնած են այնտեղ ու գոռում են», — ասել է կանցլերը։ Նա հավելել է, որ նախընտրում է խոսել այն մարդկանց հետ, որոնք աշխատում և գործում են հասարակության շահերից ելնելով։
Հրդեհը սկսվել էր շոգի ալիքի ժամանակ և արագ տարածվել չոր ընդերքի ու անտառային բուսականության պատճառով։ Հյուսիսային Հռենոս — Վեսթֆալիայի իշխանությունների տվյալներով՝ կրակը վնասել կամ ոչնչացրել է 300-400 հեկտար անտառ՝ տարածք, որը մոտավորապես համադրելի է 420–560 ֆուտբոլային դաշտի հետ։ Հրդեհի դեմ պայքարի համար ներգրավվել էին արտակարգ ծառայությունների շուրջ 1 400 աշխատակից, մոտ տասը ուղղաթիռ և չորս զրահամեքենա։ Ժամանակավորապես տարհանել էին Հեյի շուրջ 1 800 բնակչի։
Հրդեհի ակտիվ փուլի ընթացքում դեպքի վայրում Մերցի բացակայությունն ավելի վաղ քննադատության էր ենթարկվել ընդդիմության կողմից։ Մասնավորապես, «Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչները կանցլերին մեղադրել էին անգործության մեջ։ Իսկ Հյուսիսային Հռենոս — Վեսթֆալիայի վարչապետ Հենդրիկ Վյուստը, հակառակը, ընդհատել էր արձակուրդը և անձամբ այցելել տուժած շրջան։
Մերցը Գերմանիայում և Բելգիայի հարևան շրջաններում բռնկված խոշոր անտառային հրդեհներն անվանել է կլիմայի փոփոխության հետևանք։ Միաժամանակ, կանցլերը չի նշել կոնկրետ միջոցներ, որոնք կառավարությունը մտադիր է ձեռնարկել այս կապակցությամբ։
Շոգից պաշտպանության, կլիմայի փոփոխությանը հարմարվելու և ծայրահեղ եղանակային երևույթների հետևանքների դեմ պայքարի թեման կքննարկվի Գերմանիայի կառավարության արտագնա նիստում օգոստոսի 25-ին։