Անպարկեշտ կատակներ, օղի և խոսակցություններ նիհարելու մասին․ ինչպես Թրամփի հատուկ բանագնացը սերտ կապ հաստատեց Լուկաշենկոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկեր Ջոն Քոուլը, որը նշանակվել էր Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց, կարողացել է անսովոր սերտ անձնական կապ հաստատել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչն օգնել է հասնել հարյուրավոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը և Բելառուսի առաջնորդին դարձրել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ոչ պաշտոնական ալիք, գրել է The New York Times-ը։

Երբ անցյալ տարի Քոուլին վերջին պահին առաջարկեցին հանդիպել Լուկաշենկոյի հետ, գործընկերները նրան խորհուրդ տվեցին «լրիվ կտրվել» և բելառուս առաջնորդի հետ շփվել ոչ պաշտոնական ձևով։ 79-ամյա իրավաբանը հետևեց այդ խորհրդին․ հանդիպումների ընթացքում նրանք կատակել են, պատմել անպարկեշտ անեկդոտներ, խմել օղի և քննարկել նիհարելու եղանակներ։

«Հումորը հսկայական զենք է։ Եթե ձեզ հաջողվում է ծիծաղեցնել մյուս մարդուն, ապա արդեն կիսով չափ հասել եք ձեր ուզածին և այլևս չեք ընկալվում որպես սպառնալիք», — պատմել է Քոուլը։

Նրա խոսքով՝ այս կերպ ձևավորված հարաբերությունները նպաստել են, որ Բելառուսն ազատ արձակի 500 քաղբանտարկյալի և ների ևս մի քանի հարյուր մարդու։ Լուկաշենկոն նաև սկսել է կատարել միջնորդի դեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ Բելառուսի ամենամոտ դաշնակցի միջև։

Բանտարկյալների ազատ արձակման դիմաց Քոուլը փորձում էր հասնել Մինսկի դեմ ամերիկյան պատժամիջոցների մեղմացմանը և առաջարկում էր ճանապարհային քարտեզ ԱՄՆ և Բելառուսի հարաբերությունների կարգավորման համար։

Ինչպես նշել է պարբերականը, Քոուլի մոտեցումն արտացոլում է Թրամփին բնորոշ անձնավորված դիվանագիտության մոդելը, որը հիմնված է անձնական հարաբերությունների և գործարքների վրա։ ԱՄՆ նախագահը հաճախ նախընտրում է հատուկ բանագնացներին պրոֆեսիոնալ դիվանագետներից, իսկ բանտարկյալների և պատանդների ազատ արձակումը դիտարկում է որպես արտաքին քաղաքականության ավելի տեսանելի արդյունք։

Միևնույն ժամանակ, նման ռազմավարությունը քննադատության տեղիք է տալիս։ Ընդդիմախոսները կարծում են, որ Վաշինգտոնը փաստացի պարգևատրում է Լուկաշենկոյի ավտորիտար կառավարությանը քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար։ Որոշ բելառուս ակտիվիստներ նույնպես դեմ են պատժամիջոցային զիջումները մարդկանց ազատ արձակման հետ փոխանակելուն։

Քննադատները նշել են, որ Բելառուսում մի շարք քաղբանտարկյալների ազատ են արձակում, մինչդեռ նորերին շարունակում են ձերբակալել։ Իրավապաշտպանները երկրի դատական համակարգը համեմատում են «հարահոսի» հետ, որը մշտապես նոր քաղաքական գործեր է արտադրում։

Ինքը՝ Քոուլը, մերժում է այս մեղադրանքները։ Նրա խոսքով՝ ինքը Բելառուսում ունի երկու գլխավոր նպատակ՝ ազատել բանտարկյալներին և հասնել նրան, որ Բելառուսի ղեկավարությունը «ցանկանա լինել ազգերի ընտանիքի մաս»։

Մյուս կողմից՝ որոշ իրավապաշտպաններ նրա աշխատանքն ու պետդեպարտամենտի գործողությունները համարում են հազվադեպ դիվանագիտական հաջողություն։ Նախկին բելառուս դիվանագետ Վալերի Կովալևսկին, որը հիմնել է քաղբանտարկյալներին օգնություն ցուցաբերող կազմակերպություն, հայտարարել է, որ Քոուլը հասնում է նշանակալի արդյունքների՝ չվախենալով այն բանից, որ իրեն կտեսնեն Լուկաշենկոյի հետ բանակցությունների սեղանի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *