
Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախագահական կառավարման երկու ժամկետով սահմանափակումը ոչ միայն ժողովրդավարության հաղթանակն ա ավտոկրատիայի նկատմամբ, այլև հեռացող նախագահի համար հետհաշվարկի սկիզբ։ ԱՄՆ-ում երկրորդ ժամկետում գտնվող նախագահը քաղաքական կենսաբանության մեջ հայտնի ա որպես «կաղ բադ» (Lame Duck)՝ մի էակ, որի հիմնական բնազդը սեփական կիսատ-պռատ ժառանգությունը (եթե այդպիսին հրաշքով գոյություն ունի) պատմության աղբանոցից փրկելն ա։ Նրանից էլ չեն վախենում, առանձնապես ակնկալիքներ չունեն ու նույնիսկ սեփական կուսակիցները հայացքն իրեն ուղղելիս ավելի ուշադիր նայում են, թե մեջքի հետևը ով կա, որն ա հավանական «ժառանգորդը»։ Սկսվում ա հետաքրքիրը՝ նենց մեկի փնտրտուքը, ով կհամաձայնի կրել նախորդի քաղաքական դիակի ծանրությունը և երդմնակալության հաջորդ օրը իրեն արխիվ չի հանձնի։
Սպիտակ տան գլադիատորների շարքում էս դերի համար առանձնացրել էին երկուսին՝ Վենսին և Ռուբիոյին։ Բայց թե՛ Թրամփը, թե՛ մնացածը գիտեն՝ ուղղակի ժառանգորդ նշանակելը քիչ ա, պետք ա հանրային զոհաբերություն կազմակերպել։ Ընտրությունը բավարար չի պարզապես հնչեցնել, դրան պետք ա լեգիտիմություն հաղորդել մեկի հանրային ձախողման և մյուսի տրիումֆի միջոցով։
Իրանի վրա հարձակումից հետո Թրամփը, իրեն բնորոշ «հումորով» ասեց. «Եթե Իրանին հաղթենք՝ դա իմ հանճարն ա, իսկ եթե տապալվենք՝ մեղավորը Վենսն ա, նա ա ինձ համոզել հարձակվել»։ Դահլիճը ծիծաղեց, իսկ Վենսի քաղաքական կատաֆալկն արդեն սկսեցին նախապատրաստել։ Ներապարատային պայքարում հռչակվեց, թե ում են դեմ տալու Իրանի հետ կապված հաշիվները։
Սկզբում Վենսին, մատաղացու ուլի կարգավիճակով ուղարկեցին Հունգարիա, որպես Օրբանին հումանիտար օգնություն՝ մի ֆիգուրի, որի քաղաքական կարման արդեն խորտակված «Կուրսկ» սուզանավի վիճակում էր։ Հաջորդ հարվածը Իսլամաբադ գործուղումն էր՝ Իրանի հետ խաղաղության շուրջ բանակցելու մի մթնոլորտում, որտեղ «խաղաղություն» բառն ինքնին հնչում էր որպես ծաղր։ Վենսը, ինչպես և սպասվում էր, վերադարձավ դատարկ ձեռքերով՝ ստանալով քաղաքական իմպոտենտի պիտակը։ Արդյունքը՝ Իրանի հետ հաջորդ բանակցությունների սեղանին Վենսի համար նախատեսված աթոռն արդեն հավաքել են։
Նույն ժամանակահատվածում լիբանանյան ուղղությամբ Ռուբիոն, ստանալով Թրամփի «հայրական» աջակցությունը, «հաջողության» ա հասնում՝ հոբելյանական 10-րդ «ավարտված պատերազմի» տեսքով։ Էս պահին խաղադրույքները Ռուբիոյի վրա են։
Վաշինգտոնյան էս ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր ա, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը, որտեղ տեղական ծաղրածուները համարների արանքում չեն էլ հասցնում մի դիմակը հանել, մյուսը հագնել։ Ցավալի ա միայն, որ առաջիկա հնգամյակում ու տասնամյակում աշխարհի և Հայաստանի ապագան էսօր ավելի շատ կախված ա էդ ներտեսակային ապարատային «ցխոցուց», քան տեղական քաղաքական թզուկների ճղճղոցից»։