Դանիացի ժամկետային զինծառայողներին առաջին անգամ ուղարկել են Գրենլանդիա՝ օպերատիվ ծառայության համար։ Arctic Endurance զորավարժությունների ընթացքում նրանք պետք է ոչ միայն կատարեն ռազմական առաջադրանքներ, այլև սովորեն գործել անսովոր արկտիկական լանդշաֆտում։
Օգոստոսի սկզբին Շլեզվիգի հետևակային գնդի 11-ամսյա ծառայություն անցնող զինծառայողների առաջին խումբը ժամանել է Գրենլանդիա, հաղորդում է Դանիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Զինվորների մի մասին տեղակայել են Կանգերլուսուակում, մյուս մասին՝ Նուուկում։ Հետագայում ստորաբաժանումները կփոխվեն տեղերով և օպերատիվ առաջադրանքներ կկատարեն երկու շրջաններում էլ։
Ժամկետայինների համար սա առաջին հնարավորությունն է մասնակցելու օպերատիվ ծառայության անմիջապես Գրենլանդիայում։ Այս պրակտիկան դարձել է զինվորական ծառայության երկարացված տևողության նոր ծրագրի մի մասը, որը ներդրվել է Դանիայի 2024–2033 թվականների պաշտպանական համաձայնագրի շրջանակում։
Սակայն զինվորների համար գլխավոր փորձությունը տեղական ռելիեֆն է եղել։ Կանգերլուսուակի շրջանում, որը գտնվում է Բևեռային շրջանից հյուսիս, դանիական սովորական անտառների փոխարեն՝ բաց տարածքներ են, քարեր, լանջեր և սակավ բուսականություն։
Հետևակի համար սա լուրջ խնդիր է․ անտառում զինվորների համար ավելի հեշտ է թաքնվել հակառակորդի դիտարկումից, մինչդեռ բաց տեղանքում պետք է քողարկվելու այլ եղանակներ գտնել։
«Դանիական բնության պայմաններում մենք՝ որպես հետևակ, նախընտրում ենք անտառ կամ այլ փակ տեղանք, որտեղ կարելի է թաքնվել։ Բայց այստեղ փակ տեղանք չկա, ուստի զինվորները ստիպված են սովորել քողարկվել արկտիկական լանդշաֆտում», — պատմել է վաշտի հրամանատար, կապիտան Լաուրան։
Զինծառայողները մարզվում են բնական ապաստարաններ գտնելու, հեռավորությունները գնահատելու, հավանական հակառակորդի դիրքերը որոշելու և տեղեկությունը այլ ստորաբաժանումներին փոխանցելու մեջ։ Շրջակա տեղանքում կողմնորոշվելու և ռելիեֆի առանձնահատկություններից օգտվելու կարողությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ մարտում։
Իրենց համար անսովոր լանդշաֆտը ֆիզիկապես բարդ է եղել նաև հենց զինվորների համար։ «Այստեղ ամեն ինչ այլ է, երբ խոսքը բնության մասին է, և տեղանքով շարժվելն էլ բոլորովին այլ է։ Այստեղ շատ կտրուկ լանջեր կան, ոտքերը դա զգում են», — պատմել է Օրհուսից 20-ամյա Կլեմմենսը։
Ներկայիս խումբը դարձավ առաջինը նոր՝ 11-ամսյա զինվորական ծառայության ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2026 թվականի փետրվարին։ Գրենլանդիայում զորավարժությունների ավարտից հետո զինծառայողները կշարունակեն պատրաստությունն արդեն Դանիայում։
Դանիացի զինծառայողների ուղարկումը Գրենլանդիա տեղի է ունենում Կոպենհագենի և Վաշինգտոնի միջև շարունակվող վեճի ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկողություն ստանա կղզու նկատմամբ՝ առաջին հերթին հղում անելով դրա ռազմավարական նշանակությանը ԱՄՆ-ի և Արկտիկայի անվտանգության համար։ Հուլիսին նա կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է գտնվի ԱՄՆ վերահսկողության տակ, իսկ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը պատասխանել էր, որ կղզին «չի վաճառվում», և դրա ինքնիշխանությունը պետք է հարգվի։