Նևադայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել

ԱՄՆ Նևադա նահանգում՝ Ռինոյից ոչ հեռու բլրի լանջին շաբաթ օրը բռնկված Hawk խոշոր անտառային հրդեհը արագորեն տարածվել է և երեկոյան արդեն ընդգրկել էր ավելի քան 10,5 հազար ակր տարածք (մոտ 4250 հա)՝ սպառնալով շուրջ 1000 տների, հայտնում է ABC News-ը։

ԱՄՆ-ի Ազգային միջգերատեսչական հրդեհային կենտրոնի տվյալներով, հրդեհված տարածքի մակերեսը շարունակել է արագ աճել։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ որոշ շինություններ արդեն այրվել են, և տարհանման գոտին ստիպված են եղել ընդլայնել։

Նևադայի նահանգապետ Ջո Լոմբարդոն արտակարգ դրություն է հայտարարել Ուոշո շրջանում։ Ըստ նրա, հրդեհն արագորեն տարածվում է և սպառնում բնակելի տներին ու այլ շինությունների։

Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին։ Թրաքի-Մեդոուզի հրշեջ ծառայության պետ Ռիչարդ Էդվարդսը Hawk-ը բնութագրել է որպես «շատ դինամիկ» հրդեհ և նշել, որ քամին արագորեն կրակը մղում է դեպի բնակելի թաղամասեր՝ լուրջ խնդիրներ ստեղծելով հրշեջների համար։

Բնակիչներին կոչ են արել հետևել տարհանման հրահանգներին, անհրաժեշտության դեպքում չհետաձգել մեկնումը և նախապես պատրաստել առաջին անհրաժեշտության պարագաներով պայուսակ։

Կրակը տարածվում է հյուսիս-արևելք։ Հրդեհի պատճառով մի քանի հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության, իսկ US 395 մայրուղու մի հատված փակվել է։ Բացի այդ, ժամանակավորապես փակվել է Ռինոյից հյուսիս՝ Նորթ-Վելիս շրջանում գտնվող բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքը։

Ռինոյի իշխանությունները հայտնել են, որ հրդեհն արդեն ոչնչացրել է մի քանի շինություն։ Ուոշո շրջանի շերիֆը նաև հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է շրջանային բանտի տարածքում, որը գտնվում է կրակի տարածման գոտուց ոչ հեռու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *