Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս ներգաղթյալներին օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատակիցներին և կամավորներին թաքցնել իրենց տնային հասցեները հանրային ռեեստրերից։ Միաժամանակ օրենքն արգելում է նրանց անձնական տվյալները տեղադրել համացանցում՝ նպատակ ունենալով բացառել բռնությունն ու վտանգը նրանց անվտանգության համար, հաղորդում է LA Times-ը։
Դեմոկրատ Միա Բոնտայի ներկայացրած AB 2624 օրինագիծը նախատեսում է հասցեների գաղտնիության հատուկ ծրագրի ստեղծում այն մարդկանց համար, որոնք ներգաղթյալներին տրամադրում են իրավաբանական, մարդասիրական և այլ տեսակների օգնություն, ինչպես նաև նրանց համար, ովքեր իրենց աշխատանքի պատճառով ենթարկվել են սպառնալիքների, հետապնդումների կամ բռնության։
Ծրագրից օգտվելու համար դիմողները պետք է գրանցվեն Կալիֆորնիայի պետքարտուղարի մոտ, հաստատեն, որ վերջին մեկ տարվա ընթացքում սպառնալիքի են ենթարկվել, և ստանան այլընտրանքային հասցե, որը պետական մարմինները շատ դեպքերում պարտավոր կլինեն ընդունել տնային հասցեի փոխարեն։
Ծրագիրը պետք է սկսի գործել 2027 թվականի հոկտեմբերի 1-ից։
Օրենքը տարածվում է ներգաղթյալներին օգնություն տրամադրող ոչ առևտրային կազմակերպությունների, հանրային իրավաբանական կլինիկաների, փաստաբանական գրասենյակների և բժշկական հաստատությունների աշխատակիցների ու կամավորների վրա։
Բացի այդ, փաստաթուղթը պատասխանատվություն է սահմանում համացանցում ծրագրի մասնակցի անձնական տեղեկությունների կամ պատկերի հրապարակման համար, եթե դա արվում է նրան լուրջ վնաս պատճառելը հրահրելու կամ նրան այն աստիճանի վախեցնելու հստակ մտադրությամբ, որ նա հիմնավոր կերպով վախենա իր անվտանգության համար։
Միևնույն ժամանակ օրենքը քննադատության է ենթարկվել հանրապետականների և խոսքի ազատության պաշտպանությամբ հանդես եկող որոշ կազմակերպությունների կողմից։ Հանրապետական պատգամավոր Կառլ Դեմայոն այն անվանել է «Stop Nick Shirley օրենք»՝ հղում անելով աջակողմյան ինտերնետ-ակտիվիստ Նիկ Շիրլիին, որը հրապարակում էր տեսանյութեր՝ սոմալեցիներին պատկանող մանկական հաստատությունների և հոսփիսների հասցեին մեղադրանքներով։ Դեմայոյի կարծիքով, օրենքը կարող է սահմանափակել քաղաքացիական լրագրողների գործունեությունը։
Անհատական իրավունքների և արտահայտվելու ազատության հիմնադրամում նույնպես նախազգուշացրել են, որ նման նորմերը կարող են օգտագործվել լրագրողների դեմ։ Կազմակերպության ներկայացուցիչ Քերոլայն Իոդիչեն օրինակ է բերել Նյու Ջերսիի օրենսդրությունը, որն, ըստ նրա, արդեն կիրառվել է՝ տեղական ԶԼՄ-ի խմբագրին թույլ չտալով հրապարակել ոստիկանի տնային հասցեն։
Օրենքի հեղինակ Միա Բոնտան հայտարարել է, որ փաստաթուղթը կոչված է պաշտպանելու ներգաղթյալներին օգնություն ցուցաբերող կազմակերպությունների աշխատակիցներին ահաբեկումից և հետապնդումից։
Ըստ Բոնտայի, նման կազմակերպությունների աշխատակիցներն այժմ «ապրում են վախի մեջ» ծայրահեղականների գործողությունների պատճառով, որոնք ձգտում են վարկաբեկել նրանց աշխատանքը և այն մարդկանց, որոնց նրանք օգնում են։