Նորվեգիան մտադիր է 2027 թվականին պահպանել Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը՝ 85 մլրդ նորվեգական կրոնի մակարդակում (մոտ 9,2 մլրդ դոլար), հաղորդում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։
Նույն գումարն է նախատեսված Ուկրաինային օգնություն տրամադրելու համար նաև 2026 թվականին՝ 2023–2030 թվականների համար հաշվարկված Նանսենի ծրագրի շրջանակում։
Այս մասին Կիև այցի ընթացքում հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։ Նա ընդգծել է, որ Օսլոն մտադիր է շարունակել Ուկրաինային ռազմական և քաղաքացիական աջակցությունը՝ Ռուսաստանի ուժգնացած հրթիռային և անօդաչու հարձակումների ֆոնին։
Կիևում Ստյորեն մասնակցում է Ուկրաինայի, Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հանդիպմանը, որը նվիրված է հետագա աջակցության հարցերին, ինչպես նաև բանակցություններ է վարում ուկրաինական ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, նա այցելել է Լուկյանովսկայա հրապարակի շրջանում գտնվող շուկա, որը տուժել է ռուսաստանյան վերջին հարվածներից։
Նորվեգիայի վարչապետը հայտնել է, որ Կիևում իր տեսած ավերածությունները վկայում են ուկրաինական քաղաքների և ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումների հետևանքների մասին։
Նանսենի ծրագիրը նախատեսում է Ուկրաինային երկարաժամկետ օգնություն։ 2026 թվականին Նորվեգիան այդ նպատակների համար հատկացնում է 85 մլրդ կրոն, իսկ երկրի կառավարությունն առաջարկում է պահպանել ֆինանսավորման նույն ծավալը նաև հաջորդ տարի։