Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ օգոստոսի 23-ին, կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին․ գրում են տեղական լրատվամիջոցները։
Տաշքենդում Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստում Ալիևը հայտարարել է, որ նախագծի իրականացումը Ադրբեջանի տարածքում ակտիվ փուլում է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հիմնական տարածքում աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի, իսկ Նախիջևանում ծրագրի իրականացումն արդեն սկսվել է։
Ալիևի խոսքով՝ նախագիծը նախատեսում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային երթուղու ստեղծում։ Նա նաև նշել է, որ այս երթուղին ավելի լայն նշանակություն ունի և կարող է ընդգրկվել տարածաշրջանային միջազգային տրանսպորտային կապերի համակարգում։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն նպատակ ունի «Զանգեզուրի միջանցքով» տարեկան մինչև 15 միլիոն տոննա բեռ տեղափոխել։