Զելենսկին պատերազմի ժամանակ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու դեմ է արտահայտվել․ «Սա ցունամի է պետության համար»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ լայնածավալ պատերազմի պայմաններում ընտրությունների անցկացումը երկրի համար լուրջ ռիսկեր է պարունակում և կարող է հանգեցնել հասարակության պառակտման, հայտնում է «Украинская правда»-ն։

Ըստ Զելենսկիի, մոտ մեկ տարի առաջ Ուկրաինային տարբեր կողմերից կոչ էին անում ընտրություններ կազմակերպել դեռևս մինչև պատերազմի ավարտը։ Նա նշել է, որ պատրաստ էր քննարկել այդ հնարավորությունը, եթե արևմտյան գործընկերները առաջարկեին անվտանգ և լեգիտիմ քվեարկություն անցկացնելու կոնկրետ պայմաններ։

«Եթե գործընկերները մեզ առաջարկեն կոնկրետ պայմաններ, որոնց դեպքում հնարավոր կլինի անվտանգ, լեգիտիմ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնել Ուկրաինայում՝ զինվորականների մասնակցությամբ, մերձճակատային տարածքներում, արտերկրում, ուր մեկնել են մեր միլիոնավոր քաղաքացիները, ապա եկեք դա քննարկենք», — ասել է Ուկրաինայի նախագահը։

Սակայն, ըստ նրա, արևմտյան գործընկերներից նման առաջարկներ չեն ստացվել։ Զելենսկին նաև կարծում է, որ ընտրությունների անցկացումն անհնար է մինչև հրադադարի հաստատումը։

«Կարծում եմ, որ նման պատերազմի պայմաններում ընտրություններն ընդհանրապես մեծ ռիսկ է։ Ընտրությունները հենց հիմա պետության համար ցունամի են, որը կպառակտի Ուկրաինան», — հայտարարել է նա։

Նախագահը շեշտել է, որ այժմ իր առաջնահերթությունը մնում է պատերազմի ավարտը և ուկրաինական պետության պահպանումը։

«Իմ ռազմավարությունն է երկիրը հասցնել մինչև պատերազմի ավարտը և պահպանել անկախ ու ինքնիշխան պետությունը։ Եվ ես դա իրականացնում եմ», — ասել է Զելենսկին։

Անցյալ տարի Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելուց, եթե հաջողվի ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *