Kathimerini․ Հունաստանը բարձր պատրաստականության է բերել ՀՕՊ-ը և Իրանի հետ լարվածության ֆոնին Patriot է տեղափոխել Կրետե

Հունաստանը Կարպաթոս կղզուց Կրետե է տեղափոխել Patriot հակահրթիռային պաշտպանության մարտկոցը՝ ռազմավարական կարևորություն ունեցող Սուդա ռազմածովային բազայի շրջանի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, հայտնում է Kathimerini-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Մարտկոցը անձնակազմի և սարքավորումների հետ միասին տեղափոխվել է կիրակի գիշերը։ Ակնկալվում է, որ համալիրը կտեղակայվի Սուդա ռազմական բազայի շրջանում։

Որոշումն ընդունվել է Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտների հասցեին Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հնչեցրած սպառնալիքների ֆոնին։ Հունաստանի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստականության վիճակում։

Հունական իշխանությունները գնահատում են կենսական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների համար հնարավոր սպառնալիքները՝ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև լարվածության աճի ֆոնին։

Դաշնակիցների հետախուզական տվյալների համաձայն, Իրանը դեռևս ունի ավելի քան 2 հազար կմ հեռահարությամբ զգալի քանակությամբ բալիստիկ հրթիռներ։ Սա տեսականորեն թույլ է տալիս խոցել թիրախներ Հարավարևելյան Եվրոպայում։

Patriot մարտկոցը Կարպաթոսում տեղակայվել էր մարտին՝ Աթենքի կողմից բալիստիկ հրթիռների սպառնալիքից պաշտպանությունն ուժեղացնելու ջանքերի շրջանակում։

Հունաստանը նաև կապ է պահպանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ հունական և կիպրական օբյեկտների համար հնարավոր սպառնալիքների հարցով։ Բացի այդ, Աթենքը պատրաստ է քննարկել Բուլղարիային հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե Սոֆիան պաշտոնապես դիմի համապատասխան խնդրանքով։

Միաժամանակ Հունաստանը որոշում է իր Patriot մարտկոցի հետագա օգտագործման հարցը Սաուդյան Արաբիայում։ Համալիրը այնտեղ է գտնվում 2021 թվականի սեպտեմբերից և կիրառվել է սաուդյան ենթակառուցվածքային օբյեկտների դեմ ուղղված բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր որսալու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *