Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ երկրի վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակը քաղաքացիների համար առաջացնում է «որոշակի անհարմարություններ», սակայն հայտարարել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում այն կայունացնելու համար։
«Բոլոր հարցերը դեռևս լուծված չեն, բայց դրանք լուծվում են», — ասել է Պուտինը «Вести» լրատվական ծառայության համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Ըստ ՌԴ նախագահի, իրավիճակը վերահսկողության տակ է պահում կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, իսկ դրա լուծման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով։
Ավելի վաղ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ ռուսաստանյան վառելիքի շուկան բախվել է լարվածության երկրորդ ալիքին։ Իշխանությունները հույս ունեն, որ իրավիճակը կբարելավվի մի շարք նավթավերամշակման գործարաններում վերանորոգման աշխատանքների ավարտից հետո։ Մի քանի ՆՎԳ-ներ արդեն վերսկսել են աշխատանքը, ինչը պետք է մեծացնի վառելիքի մատակարարումները ներքին շուկա։
Բացի այդ, Ռուսաստանը սկսել է ներմուծել նավթամթերքներ՝ պակասուրդը լրացնելու համար։ Ներմուծման ծավալը նախատեսվում է ճշգրտել՝ կախված ներքին շուկայում ստեղծված իրավիճակից։
Նովակը նշել է, որ իշխանությունները նաև աշխատում են ՆՎԳ-ների և վառելիքային այլ ենթակառուցվածքների պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ։ Մի շարք տարածաշրջաններում պահպանվող խափանումների ֆոնին կառավարությունը շարունակում է վերահսկել մատակարարումները և վերաբաշխել վառելիքը տարածքների միջև։