Երեխաներ են զոհվել․ Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկվել

Անցած գիշեր Կրասնոդարում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը վնասվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։ Աշխատակիցները տարհանվել են։

Ընկերությունը հայտնել է, որ հարձակումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել, իսկ արտակարգ ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։ Կրասնոդարի երկրամասը գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքի հարձակման, հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։ ԱԹՍ-ների բեկորները ընկել են Կրասնոդարի մասնավոր մանկական կենտրոնի վրա, որի հետևանքով զոհվել է երկու երեխա։ Նրա տեղեկացմամբ, ևս 7 երեխա ու երկու մեծահասակ քաղաքացի է վիրավորվել։Վնասվել են նաև բնակելի շենքեր, հավելել է նահանգապետը։

Միաժամանակ, ուկրաինական մոնիթորինգային ալիքները նաև հաղորդում են Ադիգեայում և Ստավրոպոլի երկրամասում Ozon-ի պահեստների վրա հարվածների մասին: Օրինակ, Exilenova+ տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Ադիգեայում հարձակման թիրախը եղել է Ենեմ գյուղի մոտ գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը, որը զբաղեցնում է մոտ 91,200 քառակուսի մետր տարածք, Ուկրաինայի սահմանից մոտ 390 կիլոմետր հեռավորության վրա:

Սա ընկերության՝ տարածաշրջանում հիմնական լոգիստիկ կենտրոններից մեկն է, որտեղ ստացվում, տեսակավորվում, պահվում և բաշխվում են պատվերները: Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսսկ քաղաքում գտնվող Ozon-ի մեկ այլ օբյեկտի վրա, որը զբաղեցնում է 93,514 քառակուսի մետր տարածք:

Տեղական իշխանությունները հաստատել են, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել քաղաքի արդյունաբերական գոտուն ուղղված անօդաչու թռչող սարքի հարվածը և հայտնել են մի քանի ԱԹՍ-ների խոցման մասին: Astra-ի վերլուծության համաձայն՝ թիրախը Պրիոզերնայա փողոցում գտնվող պահեստն էր՝ կենտրոն, որն օգտագործվում է սննդամթերքի և ոչ սննդային ապրանքների պահեստավորման և տեսակավորման, ինչպես նաև Ozon-ի հաճախորդների պատվերների կատարման համար:

Ավելին, ըստ ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի, հարձակման է ենթարկվել Դաղստանի Տյուբե գյուղում գտնվող Ozon-ի պահեստը: Օբյեկտի ընդհանուր մակերեսը կազմում է 130,000 քառակուսի մետր: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *