Ուկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն այսօր կանգնած է «երկու գլոբալ խնդրի» առաջ. դրանք են՝ ռուսական բալիստիկ հրթիռների հարվածները և պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում կիրակի՝ օգոստոսի 23-ին։

Խոսելով ֆինանսական դժվարությունների մասին՝ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան Եվրամիությունից ակնկալում է 30 միլիարդ եվրո, որը պետք է հատկացվի երկու տարվա համար նախատեսված 90 միլիարդանոց վարկային ծրագրի շրջանակում։

Նրա խոսքով՝ այս գումարի ստացումը կապված է «համապատասխան օրենքների ընդունման» հետ։ «Այստեղ չափազանց կարևոր է, որ խորհրդարանն աշխատի լիարժեք կազմով՝ ներառյալ ընդդիմությունը։ Այդ 30 միլիարդը չկա ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության գրպանում. դրանք անհրաժեշտ են ամբողջ երկրի պաշտպանության համար»,- ընդգծել է նա։

Զելենսկին նաև հայտնել է, որ Պաշտպանության նախարարության բյուջեում 27 միլիարդ դոլարի (ավելի քան 23,1 միլիարդ եվրո) դեֆիցիտ է առաջացել, քանի որ տարվա առաջին կիսամյակում նախատեսվածից ավելի շատ գումար է ծախսվել։ Նրա փոխանցմամբ՝ 8-10 միլիարդ դոլար անհրաժեշտ է բանակը 2027 թվականի հունվարին նախապատրաստելու համար, իսկ մոտ 20 միլիարդը՝ զինվորականների աշխատավարձերն ու զոհվածների ընտանիքների վճարումները ծածկելու համար։

«Մեծ գումարների կարիք կա։ Այս հարցով հիմա աշխատում եմ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։ Ըստ էության, պետք է արագացնենք Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական միջոցների երկրորդ մասի հատկացումը, ինչը չափազանց բարդ խնդիր է»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկու այս հայտարարությունը հնչել է այն օրը, երբ Կիև են ժամանել «Հյուսիս-բալթյան ութնյակի» (NB8) անդամ վեց երկրների՝ Դանիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի ղեկավարները։ Նրանց այցը համընկել է Ուկրաինայի Անկախության օրվա նախաշեմի հետ, որը նշվում է օգոստոսի 24-ին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ բարձրաստիճան հյուրերը Զելենսկու հետ կունենան երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ. «Կընդունվեն կարևոր որոշումներ և կարվեն ծանրակշիռ հայտարարություններ»։

Մասնավորապես, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն արդեն իսկ հայտարարել է, որ երկրի կառավարությունը կդիմի խորհրդարանին (Ստորտինգին)՝ առաջարկելով 2027 թվականին Ուկրաինային հատկացնել 85 միլիարդ կրոն (մոտ 8 միլիարդ եվրո)։ Նույնքան գումար Օսլոն Կիևին տրամադրել էր նաև 2026 թվականին։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *