«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանի բանակցային քաղաքականությունը՝ պնդելով, որ իշխանությունը չունի բանակցային բազային կարողություններ, ինչի հետևանքով Հայաստանը հերթական գործընկերոջն է կորցնում։
«Բանակցային բազային կարողությունների բացակայությունը հերթական անգամ Հայաստանին գլխացավանքներ, պրոբլեմներ է բերում։ Ուղղակի չեն կարողանում նորմալ բանակցել։ Արդեն որերորդ գործընկերոջն ենք կորցնում նրա համար, որ չկա բանակցային բազային կարողություն»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի բանակցային ոճը հատկապես վառ արտահայտվել է նաև այսօր՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս։
«Իր բանակցային ոճը կամ-կամ է, և-և չկա։ Արցախյան հակամարտության այն էտապում, երբ ինքը սկսեց բանակցել, ինքը որոշեց գնալ կա՛մ պատերազմի, կա՛մ զիջման։ Երկու տարբերակ էր իր տեսլականը։ Բայց կա երրորդ տարբերակը միշտ, դիվանագիտությունը դրա մասին է։ Եթե կամ-կամ է, ուրեմն այդտեղ դիվանագիտություն չկա»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նարեկ Կարապետյանը նաև անդրադարձավ Փաշինյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ Փաշինյանն այսօր, իր գնահատմամբ, «բացեց խաղաքարտերը»։
«Մի քանի տեղ ինքը վերջապես բացեց խաղաքարտերը։ Այն, ինչ մենք ամիսներով ասում էինք, ինքն այսօր մի քիչ առաջ ասաց»,-նշեց նա։
Ըստ Նարեկ Կարապետյանի՝ Փաշինյանի հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ Կաթողիկոսի հետ կապված իշխանության խնդիրը ոչ միայն եկեղեցական կամ ներքին հարցերի շրջանակում է։
«Վեհափառի հետ կապված՝ ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախի հետ է կապված՝ Արցախի անունը շոշափելը, Արցախը հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաներն էին։ Այսինքն՝ ակնհայտ ցույց տվեց, որ դրանք երկրորդական հարցեր են, խնդիրն Արցախի հարցն է»,-ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Նարեկ Կարապետյանը նաև հայտնեց, որ ընդդիմությունը պատրաստվում է Փաշինյանի այսօրվա հայտարարություններին ավելի մանրամասն արձագանքել։
«Կարծում եմ՝ այսօր կամ վաղը մեր ժամանակն արդեն կտրվի մեզ, ու մենք հանդես կգանք խորքային հայտարարությամբ, թե ինչպես իր այսօրվա հայտարարությունը, իր այսօրվա խոսքը շատ վառ արտահայտում է իր մտածելակերպը՝ բանակցություններին, իր մտածելակերպը երկրում տիրող իրավիճակին»,- ասաց նա։