25-օրյա ուսումնական հավաքները պահեստազորայինների պատրաստման առավել օպտիմալ ձևաչափն են, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս թարմացնել իրենց զինվորական հմտությունները՝ առանց աշխատանքից երկարատև կտրվելու։ Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հարցում է անցկացնում հավաքների մասնակիցների շրջանում և աշխատում է դրանց որակի բարձրացման ուղղությամբ։
«Մենք մշտապես հարցումներ ենք անցկացնում, հնչում են տարբեր գնահատականներ, և մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի տարեցտարի բարելավենք այս ծառայության որակը։ Մենք այլընտրանք չունենք․ պետք է պատրաստենք պահեստազորը։ 25-օրյա ժամկետն այն օպտիմալ ժամանակահատվածն է, որն ընտրվել է, որպեսզի մարդը, նույնիսկ աշխատանքից կտրվելով, կարողանա վերադառնալ բանակ, վերհիշել իր հմտությունները և դառնալ մեր պահեստազորի մի մասը։ Սա ֆիզիկական և աշխատանքային առումով նվազագույն վնաս է՝ նախկին եռամսյա հավաքների համեմատ», – նշել է Պապիկյանը՝ հավելելով, որ հավաքների արդյունավետությունն անվիճելի է, թեև խնդիրներ դեռևս կան, և աշխատանքը դրանց ուղղությամբ շարունակվում է։
Մեկնաբանելով 25-օրյա հավաքների անցկացմանը նվիրված ԶԼՄ-ների նյութերն ու հրապարակումները՝ նախարարը լրագրողներին կոչ է արել ցուցաբերել կշռադատված մոտեցում։
«Հրապարակումները լավ են, հնարավոր է՝ դուք ձեր նյութերով ինձ էլ ինչ-որ բանի վրա մատնանշեք։ Բայց միաժամանակ ես կխնդրեմ չբացահայտել այնպիսի բաներ, որոնց հրապարակայնացումը օգուտ չի բերում։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք դիմել օրենսդիրներին, որպեսզի ազատվենք դրանից», – ամփոփել է Սուրեն Պապիկյանը։