
«Հրապարակ»-ը գրում է․ «Շաբաթ օրը Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն էր, հայտարարվեց, որ մասնակցելու են ընտրություններին, և հրապարակվեց նախընտրական ցուցակի առաջին հնգյակը, որտեղ տարօրինակ կերպով չկար ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
Տեղեկացանք, որ նա ընդհանրապես չի լինելու ցուցակում: Ավելի վաղ գրել էինք, որ Մարուքյանի թիմն ընտրություններին մասնակցելու հարցում միակարծիք չէ, ոմանց համոզմամբ՝ իրենք ավելի շատ վնասելու են իշխանափոխության գործընթացին, քան օգնելու, և իմաստ չունի միայնակ մասնակցել, Խաժակյանն այդ թևում է և այդ պատճառով է հրաժարվել: Երեկ նա փորձեց այլ կերպ մեկնաբանել․ «Այս փուլում ունեմ աշխատանքային ծանրաբեռնվածություն և որոշել եմ չմասնակցել ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու»։
Մեր տեղեկություններով, այդուհանդերձ, որպեսզի թիմին չվնասի, նա չի խզելու կապը կուսակցության հետ, սակայն հարցազրույցներ չի տալու, բանավեճերի չի մասնակցելու»։