Թանգարանները հարվածի տակ են․ ոսկու թանկացումը ավելացնում է կողոպուտի դեպքերը

Եվրոպական իրավապահ մարմինները մտահոգիչ միտում են արձանագրում․ հանցավոր խմբավորումներն ավելի ու ավելի հաճախ են դիմում դաժան ու հանդուգն կողոպուտների՝ թիրախավորելով ոսկին և թանկարժեք իրերը։ Europol-ի նոր զեկույցի համաձայն՝ պրոֆեսիոնալ գողերին փոխարինելու են եկել ապակենտրոնացված խմբերը, որոնք մասնակիցներին հավաքագրում են սոցիալական ցանցերով՝ «հանցագործությունը որպես ծառայություն» սկզբունքով, գրում է Reuters-ը։

Մարտավարության այս փոփոխության վառ օրինակ է նաև Փարիզի Լուվրի թանգարանի հոկտեմբերյան կողոպուտը։ Այն ժամանակ հանցագործները ներխուժել են սրահներ, բացահայտ սպառնացել աշխատակիցներին ու այցելուներին և հափշտակել 88 միլիոն եվրո արժողությամբ թանկարժեք իրեր, այդ թվում՝ Եվգենյա կայսրուհու հայտնի թագը։ Ի տարբերություն նախկին տարիների, երբ էլիտար գողերը հույսը դնում էին գաղտնապահության և հնարամտության վրա, ժամանակակից կողոպտիչները կիրառում են կոպիտ ուժ․ տարածքներն ու զրահապատ ցուցափեղկերը կոտրելու համար նրանք օգտագործում են մուրճեր, կացիններ, լոմեր, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ պայթուցիկ։

Հանցագործների համար գլխավոր խթան է դարձել թանկարժեք մետաղների գների աննախադեպ աճը։ Վերջին երկու տարում ոսկին թանկացել է 85%-ով, քանի որ համաշխարհային անկայունության ֆոնին ներդրողներն ու կենտրոնական բանկերն ամբողջ աշխարհում սկսել են ակտիվորեն գնել այն՝ որպես ապահով ակտիվ։ Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիան ավելի վերջերս զգուշացրել էր, որ գների պատմական առավելագույն մակարդակներն անխուսափելիորեն տանում են ստվերային հոսքերի աճի և շուկայի աղավաղումների։ Այս ֆոնին կողոպտիչները նպատակադրված որս են սկսել ոսկու բնակտորների, մետաղադրամների, զարդերի և հնագույն արտեֆակտների վրա, քանի որ թանկարժեք մետաղները կարելի է արագ հալեցնել՝ լրիվ ոչնչացնելով ոստիկանության համար նախատեսված ապացույցները, իսկ զարդերի թանկարժեք քարերը՝ հանել և հեշտությամբ իրացնել սև շուկայում։

Ոսկուց զատ, արձանագրվում է նաև թանգարանային հազվագյուտ նմուշների գողությունների աճ։ Անցյալ տարվա հունվարին գողերը պայթուցիկ էին օգտագործել Նիդերլանդների թանգարանից Դակիայի 2,5 հազար տարվա պատմություն ունեցող ոսկե սաղավարտն ու ոսկյա երեք ապարանջանները հափշտակելու համար։ Թեև արտեֆակտների մեծ մասը հետագայում հաջողվեց վերադարձնել Ռումինիային, գողոնի մի մասը մինչ օրս հետախուզման մեջ է։ Բացի այդ, Europol-ը նշում է չինական հնագույն արվեստի նմուշների, օրինակ՝ Մին դինաստիայի դարաշրջանի սափորների գողությունների կտրուկ աճ, որոնց պահանջարկը ստվերային շուկայում շարունակում է բարձր մնալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *