Հունաստանը պատասխան քայլերի լայն փաթեթ է պատրաստում Թուրքիայի կողմից լարվածության աճին ընդառաջ։ Լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է Էգեյան ծովի հյուսիս-արևելքում և Կաստելորիզոյի շրջանում երկու ծովային պարկ ստեղծելու մասին՝ նորից օրակարգ բերելով Էգեյան ծովի «մոխրագույն գոտիների» վեճահարույց թեման, գրում է Kathimerini-ն։
Հունական իշխանություններն ուշադիր հետևում են Թուրքիայի քայլերին, որոնք, նրանց գնահատմամբ, փաստում են երկկողմ հարաբերություններում համեմատաբար հանգիստ փուլի ավարտը։ Աթենքը կարծում է, որ Անկարայի հետագա ռազմավարությունն ավելի պարզ կդառնա առաջիկա շաբաթներին՝ երկու առանցքային իրադարձությունների արդյունքում։
Առաջինը կախված է նրանից, թե ինչ պայմաններ, սահմանափակումներ կամ արգելքներ կսահմանի Թուրքիան իր ստեղծած պարկերի տարածքում ձկնորսության, նավագնացության և հետազոտությունների համար։
Երկրորդ կարևոր գործոնը կլինի Հունաստան–Կիպրոս էլեկտրական ցանցերի միացման ծրագրով նախատեսված հետազոտությունների վերսկսման վերաբերյալ Անկարայի արձագանքը։
Աթենքն արդեն անցել է պատասխան գործողությունների․ բարձր մակարդակի երկկողմ շփումները փաստացի սառեցված են։
Հաջորդ ամիս Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն այլևս իրատեսական չի համարվում։ Նույնը վերաբերում է նաև արտգործնախարարների հնարավոր շփմանը։
Բացի այդ, սպասվում է, որ Հունաստանն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում։
Անկարային SAFE ծրագրից դուրս թողնելուց զատ, Հունաստանի արտգործնախարար Յորգոս Գերապետրիտիսը ԵՄ արտաքին գործերի նախարարների առաջիկա նիստում գործընկերներին կտեղեկացնի թուրքական ծովային պարկերի մասին։
Աթենքն, ամենայն հավանականությամբ, կարգելափակի Թուրքիայի համար կարևոր նախագծերը, այդ թվում՝ Մաքսային միության արդիականացումը, վիզաների ազատականացումը և Եվրոպան Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հետ կապող էներգետիկ հաբի նրա դերը։
Հույն պաշտոնյաների փոխանցմամբ՝ քննարկվում է նաև Կրետեից դեպի հարավ տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն ընդլայնելու տարբերակը։
Աթենքը մեղադրում է Անկարային Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում տարածքային պահանջները վերսկսելու մեջ, ինչը հակասում է միջազգային իրավունքին։ Բացի այդ, Հունաստանը արձանագրում է թուրքական ինքնաթիռների ու անօդաչուների կողմից օդային տարածքի խախտումների աճը։