Իսրայելը խոստովանել է, որ իր զինվորը կոտրել է Հիսուսի արձանը Լիբանանում


Աշխարհ


Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱՀԱԼ) երկուշաբթի՝ ապրիլի 20-ին հաստատել են սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարի իսկությունը, որտեղ երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը մուրճով կոտրում խաչված Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը Լիբանանի հարավում: «Նախնական հետաքննությունն ավարտելուց հետո պարզվել է, որ լուսանկարում պատկերվածը իսրայելական բանակի զինվոր է»,- ասվում է ՑԱՀԱԼ-ի X ցանցում տարածված հայտարարության մեջ:

Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արձանը գտնվում էր Լիբանանի հարավում, Դեբլ քրիստոնեական գյուղում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ «այդ միջադեպին վերաբերվում է առավելագույն լրջությամբ», և որ «զինվորի վարքագիծը լիովին հակասում է զինվորականներից ակնկալվող արժեքներին»: Բանակի հրամանատարությունը վստահեցրել է, որ «համապատասխան միջոցներ կձեռնարկի ներգրավվածների նկատմամբ», և նշել, որ համագործակցում է տեղի համայնքի հետ՝ «արձանն իր նախնական տեղում վերականգնելու համար»:

Իսրայելի ռազմական ղեկավարության դիրքորոշումը պաշտպանել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը և միջադեպի համար ներողություն է խնդրել բոլոր այն քրիստոնյաներից, որոնց զգացմունքները վիրավորված են եղել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *