Քարնին հայտարարել է, որ Թրամփը փորձում է կործանել Կանադայի ավտոարդյունաբերությունը․ Օնտարիոն սպառնացել է ԱՄՆ-ին հոսանքազրկմամբ

ԱՄՆ-ի նոր առևտրային պահանջները հաստատեցին Օտտավայի մտահոգությունները․ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի ձգտում է քանդել կանադական ավտոարդյունաբերությունը։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Թրամփը սպառնացել է հաջորդ տարվանից 50%-անոց մաքսատուրքեր սահմանել կանադական ավտոմեքենաների, պահեստամասերի և պողպատի վրա։ Միևնույն ժամանակ Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը զգուշացրել է, որ Կանադան կարող է դադարեցնել ԱՄՆ-ին էլեկտրաէներգիայի և ռազմավարական հանքանյութերի մատակարարումը։

Քարնին ընդգծել է, որ Կանադան պատրաստ է բանակցել, սակայն միայն այն պայմանով, եթե Վաշինգտոնը Օտտավային դիտարկի որպես հավասար գործընկեր։

«Մենք երբեք չենք համաձայնի այնպիսի բանակցությունների, որտեղ Կանադային վերաբերվում են ԱՄՆ-ի դուստր ձեռնարկության պես», — հայտարարել է վարչապետը։

Associated Press-ին տված հարցազրույցում Ֆորդը վստահություն է հայտնել, որ Թրամփը թերագնահատում է ամերիկյան ճնշմանը դիմակայելու և տնտեսական վնասներին դիմանալու կանադացիների կամքը։ «Նա թերագնահատում է Կանադան։ Մենք գնալու ենք մինչև վերջ։ Այստեղ բոլորը պատրաստ են տնտեսական պատերազմի և հասկանում են, որ պետք է ինչ-որ բան զոհաբերեն», — ասել է Ֆորդը։

Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ կանադական ավտոմեքենաների, դրանց մասերի և պողպատի 50%-անոց նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի։

«Կանադան տարիներ շարունակ թալանել է ԱՄՆ-ն», — սոցցանցերում գրել է նախագահը՝ Օտտավային մեղադրելով ամերիկյան գյուղմթերքի վրա «անհեթեթ բարձր մաքսատուրքեր» դնելու համար։

Քարնիի խոսքով՝ ավտոմոբիլային ոլորտի վերաբերյալ ամերիկյան առաջարկները քայլ առ քայլ կոչնչացնեն Կանադայի արտադրությունը։ Նա նաև հիշեցրել է, որ Կանադան ամերիկյան ավտոմեքենաների խոշորագույն գնորդն է, և հարց է բարձրացրել, թե նոր մաքսատուրքերը ինչպես կանդրադառնան կանադական պահանջարկից կախված ամերիկյան նահանգների՝ Օհայոյի, Կենտուկիի և Ալաբամայի աշխատակիցների վրա։

Դագ Ֆորդը հայտարարել է, որ հակամարտության խորացման դեպքում «բոլոր տարբերակներն էլ հնարավոր են», այդ թվում՝ Օնտարիոյից ԱՄՆ էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ռազմավարական հումքի (օրինակ՝ բարձրորակ նիկելի և ուրանի) մատակարարումների դադարեցումը կամ ամերիկացի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *