Աշխարհահռչակ բնական հուշարձանը վտանգի տակ է հայտնվել անփույթ զբոսաշրջիկների պատճառով։ Բնապահպաններից 200 ժամ մանրակրկիտ աշխատանք է պահանջվել, որպեսզի բազալտե սյուների միջից դուրս բերեն «հաջողության համար» թողնված հազարավոր մետաղադրամներ, գրում է The Post-ը։
Հյուսիսային Իռլանդիայի Անտրիմ կոմսությունում գտնվող «Հսկաների ճանապարհը» ավելի քան 40000 հսկայական բազալտե սյուներից կազմված եզակի տարածք է։ Այս լանդշաֆտը ձևավորվել է մոտ 60 միլիոն տարի առաջ՝ լավայի սառչելու արդյունքում։ Սակայն միլիոնավոր տարիներ դիմացած բնության այս հրաշքը բախվել է նոր խնդրի․ այցելուների հոսքը հնագույն ժայռերը վերածել է ցանկությունների հսկայական շատրվանի։
Զբոսաշրջիկները տարիներ շարունակ մետաղադրամներ են խցկում սյուների ճեղքերը։ Ծովային խոնավ ու աղի օդի պատճառով այս սովորույթը վերածվել է բնապահպանական աղետի․ մետաղը ժանգոտվում է, քարի ներսում ուռչում և քայքայիչ ճնշում գործադրում եզակի ապարի վրա։
Հյուսիսային Իռլանդիայի Երկրաբանական ծառայության տագնապալի զեկույցից հետո Ազգային հիմնադրամը սկսել է լայնածավալ փրկարարական աշխատանքներ իրականացնել։ Գործին ներգրավել են մասնագետ քարագործ Նաթան Մորրոուին, որն աշխատել է հատուկ աքցաններով ու բռնիչներով։
Որոշ մետաղադրամներ հեշտությամբ էին դուրս գալիս, սակայն խորը խրվածների վրա երբեմն ծախսվում էր մինչև 20 րոպե։ Ընդհանուր առմամբ ժայռերից հեռացվել է շուրջ 10000 մետաղադրամ՝ մոտ 20 կգ մետաղական աղբ։
Այնուամենայնիվ, այս «գանձը» ֆինանսական որևէ օգուտ չի բերել․ ծովի աղի պատճառով դուրս բերված փողի 95%-ը վերածվել էր անպետք ժանգոտ մետաղի։ Հայտնաբերված ամենահին մետաղադրամը 1999 թվականի էր։
Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ բոլոր մետաղադրամները հեռացնելն անհնար է․ դրանց մի մասը չափազանց խորն է խրվել, և դրանք հանելու փորձերը կարող են վնասել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանը։
Բացի այդ, զբոսաշրջիկները շարունակում են վնասել տեսարժան վայրը․ մեծ մաքրումից ընդամենը մեկ ամիս անց աշխատակիցները ճեղքերում գտել են ևս 42 նոր մետաղադրամ։ Այժմ հիմնադրամի վարչակազմը տեղադրել է նախազգուշացնող ցուցանակներ և կոչ է անում ճանապարհորդներին գումարը գցել բարեգործական արկղերի մեջ, այլ ոչ թե խրել բնության քարերի մեջ։