Ռեզինե ձմերուկներ և ձգվող միս. սոցցանցերը խուճապի մեջ են «արհեստական» սննդի պատճառով

ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։

Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։

Որտե՞ղ է թաքնված սուպերմարկետների «մուտանտների» գաղտնիքը

Մասնագետների պնդմամբ՝ մթերքի անսովոր տեսքն ու պահվածքը միշտ չէ, որ վկայում են քիմիկատների կամ վտանգի մասին․

Սառցային շոկ․ եթե ձմերուկը երկար պահվի 7°C-ից ցածր ջերմաստիճանում, սառցային վնասվածք է ստանում, ինչի պատճառով միջուկը դառնում է ջրալի կամ ալրանման։ Նույն կերպ փոխվում է նաև բանանը։

Մշակման տեխնոլոգիա․ արտադրողները ավելացնում են օսլա, յուղեր, էմուլգատորներ ու կոնսերվանտներ՝ ապրանքի համն ու տեսքը բարելավելու, ինչպես նաև պահպանման ժամկետը երկարացնելու համար։

Փոխարինող մթերքներ․ օրինակ՝ ծովախեցգետնի ձողիկները պատրաստվում են մշակված սպիտակ ձկից։ Սա գիտակցված փոխարինում է, այլ ոչ թե խաբեություն։

Ուլտրամշակված սննդի իրական խնդիրը

Այդուհանդերձ, սպառողների մտահոգությունն ամբողջովին անհիմն չէ։ CDC-ի վերջին տվյալներով՝ ուլտրամշակված մթերքները կազմում են 1 տարեկանից բարձր ամերիկացիների օրական կալորիաների գրեթե կեսը։ Այս ցանկում առաջատար են սենդվիչները, բուրգերները, թխվածքները, աղի ու քաղցր խորտիկները և քաղցր ըմպելիքները։

Սննդաբանները խորհուրդ են տալիս սնունդը չբաժանել «լավի» ու «վատի» և ծայրահեղության մեջ չընկնել։ Չափավոր վերամշակված մթերքները (օրինակ՝ սառեցված բանջարեղենը կամ պահածոյացված լոբին) կարող են շատ օգտակար լինել։

Գլխավոր գաղտնիքը ոչ թե այն է, թե մթերքը ծռվո՞ւմ է, թե՞ սեղանից հետ է թռչում, այլ սննդակարգի ընդհանուր հավասարակշռությունը։ Փորձագետները խորհուրդ են տալիս սննդի հիմքը կառուցել ամբողջական մթերքների վրա, կիսապատրաստ սնունդն ու խորտիկներն օգտագործել չափավոր քանակությամբ և դրանք լրացնել բջջանյութով ու սպիտակուցային սննդով։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *