Ծնելիության ռեկորդային անկման ֆոնին Սինգապուրում յուրաքանչյուր երեխայի համար ավելի քան 55,000 դոլար կհատկացվի

Սինգապուրը հայտարարել է ընտանիքների աջակցության և ծնելիության խթանման լայնամասշտաբ փաթեթի մասին․ քաղաք-պետությունը բախվել է աննախադեպ ժողովրդագրական ճգնաժամի ու բնակչության արագ ծերացման հետ, գրում է FT-ն։

Անցյալ տարի Սինգապուրում ծնելիության գումարային գործակիցը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել՝ իջնելով 0,87-ի (առանց ներգաղթի հաշվառման բնակչության կայուն վերարտադրության համար անհրաժեշտ է 2,1 ցուցանիշը)։ Նորագույն պատմության մեջ առաջին անգամ տարեկան ծնունդների թիվն իջել է 30,000-ից։

Ծնելիության ցածր մակարդակի և կյանքի միջին տևողության աճի պատճառով Սինգապուրն այս տարի հատում է «գերծերացող» հասարակության շեմը, որտեղ 65 և բարձր տարիքի քաղաքացիները կազմում են բնակչության ավելի քան 21%-ը։

Կառավարությունը մինչև 17 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքներին կհատկացնի գրեթե 70,000 սինգապուրյան դոլար (մոտ 55,150 ամերիկյան դոլար)։ Այս գումարն ընդգրկում է ծննդյան պահին ստացած միանվագ նպաստը (10,000 դոլար), առաջին 16 տարիների ամենամյա վճարումները, երեխայի զարգացման դրամաշնորհները (Child Development Account), ինչպես նաև բարձրագույն կրթության նպատակային հաշվի համալրումը (PSEA)։

Իշխանություններն ավելացնում են աշխատող ծնողների խնամքի արձակուրդի օրերը՝ իրենց վրա վերցնելով գործատուների ծախսերի մեծ մասը։

Երեխա ունեցող ընտանիքների համար կդյուրացվի պետական արտոնյալ ծրագրերով առաջին բնակարանի ձեռքբերումը, ինչպես նաև էապես կնվազեցվեն մանկապարտեզների ու մսուրների ծառայությունների գները։

Երկրի վարչապետը բացահայտ ընդունել է, որ նույնիսկ ամենաառատաձեռն ֆինանսական աջակցությունը հազիվ թե կարողանա լիովին շտկել իրավիճակը, քանի որ կարիերայի և ֆինանսական պատճառներով երիտասարդությունն ավելի ու ավելի հաճախ է հետաձգում ընտանիք կազմելու պլանները։

Քանի որ ծնելիությունը բավարար չէ սերունդների փոխարինման համար, Սինգապուրը մտադիր է շարունակել հավասարակշռված ներգաղթային քաղաքականությունը՝ զգուշորեն ներգրավելով նոր բնակիչների, որպեսզի աջակցի տնտեսությանն ու ապահովի երկրի քաղաքացիների ժողովրդագրական մեծամասնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *