Հասարակությանը կրկին առաջարկվում է նախկինների շուրջ շոու՝ իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար

Երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հերթական անգամ հրապարակային հայտարարություններ էր անում իր քաղաքական որոշումների ու գործողությունների մասին, որոնք անկախ և իսկապես գործող իրավական համակարգ ունեցող երկրում պետք է առնվազն իրավական գնահատականի արժանանային։ Բայց իրավապահ համակարգը չգործեց այդ հայտարարությունների ուղղությամբ։ Փոխարենը, ԱԺ-ում ընդդիմադիրների հարցուպատասխանի ընթացքում, երբ Փաշինյանը թիրախավորեց Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, արդեն այսօր ականատես եղանք իրավապահ ամբողջ համակարգի արագ և համակարգված գործողություններին՝ դիմակավորված անձանց ներխուժումներին, խուզարկություններին, ԱԱԾ տեղափոխումներին, տարբեր կառույցների մուտքերի կապարակնքմանը։

Այս ժամանակային հաջորդականությունը այն չափազանց վտանգավոր երևույթի մասին է, երբ իրավապահ համակարգը սկսում է ընկալվել ոչ թե որպես անկախ արդարադատության, այլ քաղաքական իշխանության կամքը կատարող մեխանիզմ։
Չի կարող իրավական պետության մեջ իշխանության ղեկավարը ԱԺ ամբիոնից քաղաքական թիրախ սահմանել, իսկ հաջորդ առավոտ իրավապահ ողջ համակարգը սկսել գործել այդ թիրախի ուղղությամբ։

Եվ ամենասարսափելին այն է, որ այս ամենը կարող է հերթական անգամ հասարակությանը մատուցվել որպես մեծ «տեսարան»՝ այն պահին, երբ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող իրական մարտահրավերները շարունակում են խորանալ։ Երբ պետությունը կանգնած է իր պատմության ամենավտանգավոր հանգրվաններից մեկի առաջ, հասարակությանը կրկին առաջարկվում է նախկինների շուրջ շոու՝ իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։

Սա հերթական քաղաքական հաշվեհարդարի դրվագ չէ։ Եթե այս տրամաբանությունը շարունակվի, մենք կարող ենք ականատես լինել Հայաստանի Երրորդ Հանրապետության ինստիտուտների վերջնական ապամոնտաժմանը՝ իրավական պետության անվան տակ։

Մետաքսե Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *