
Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նոր սահմանադրությանը եւ նշեց, որ ընդդիմադիրները ջանք ու եռանդ չեն խնայում՝ նոր սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն որպես ադրբեջանական օրակարգ ներկայացնելու համար։ «Նախ պիտի արձանագրեմ, որ նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռեւս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը եւ հայտարարել դրա մասին, այլեւ հիմա ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ կուսակցության օգտին, քվեարկել են նաեւ այդ օրակարգի օգտին, որովհետեւ նոր սահմանադրության ընդունումը ՔՊ-ի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներից մեկն է»,- ասաց նա։ Մյուս կողմից, Փաշինյանի խոսքով, հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների թեման։ «Բայց եթե սա նշանակում է, որ նոր սահմանադրության հարցն ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ, եկեք հետ գնանք եւ նայենք երրորդ հանրապետության պատմությանը։ Այդ նույն տրամաբանությամբ՝ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել 7 շրջանների վերադարձի թեման։ Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել։ Եվ, ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, ՀՀ բոլոր նախկին իշխանություններն այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել։ Բա ինչո՞ւ են բանակցել, բա ինչո՞ւ են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ, ինչո՞ւ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով։ Մի՞թե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչ, մանավանդ որ նրանց մի մասը ծնվել եւ մեծացել է Ադրբեջանում։ Այս բնորոշումներն անում եմ՝ ցույց տալու համար, թե մեր մի շարք ընդդիմադիրների տրամաբանությունն ինչ անհեթեթ հետեւությունների կարող է հանգեցնել»,- ասաց նա։
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նկատում է. «Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանի կողմից միաձայն ընդունվեց Անկախության հռչակագիրը, ոչ ոքի մտքով այն ժամանակ չէր անցնի, որ պատմական այդ իրադարձության 36-րդ տարեդարձը մենք կդիմավորենք մի Հայաստանում, որի իշխանությունները, մերժելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, կընդունեն ադրբեջանական հայատյաց կառավարական պրոպագանդայի այն պնդումը, որ ՀՀ Սահմանադրությունը, հղում տալով Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է դնում Ադրբեջանի առաջ: Հանդես կգան Հայ առաքելական սուրբ եկեղեցու սահմանադրորեն երաշխավորված ազատություններն ու ինքնուրույնությունը ոչնչացնելու կառավարության հակասահմանադրական ծրագրով: Պատրաստակամություն կհայտնեն` հավելումն ԹՐԻՓՓ-Զանգեզուրի միջանցքի տրամադրմանը նաեւ Ադրբեջանին հանձնելու, այսպես կոչված, «անկլավները», ինչն էլ ավելի կխորացնի Ադրբեջանի վերահսկողությունը Հայաստանին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռազմավարական հաղորդակցության ուղիների նկատմամբ:
1991-ին անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը եւ նրա իշխանությունները երբեք Ադրբեջանին կամ հարեւան որեւէ երկրին չեն ներկայացրել տարածքային պահանջներ: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի պնդումները` Հայաստանի կողմից իբր այլ երկրներում «հայրենիք փնտրելու» մասին, ոչ այլ ինչ են, քան սեփական պետության վարկաբեկման եւ Ադրբեջանի ստահոդ պրոպագանդայի լեգիտիմացման դավաճանական հակապետական գործունեություն: Այսպես կոչված, նիկոլական «իրական Հայաստանն» իրականում սեփական պետական կամքից զրկված, ազգային հայկական պետությունը վերացրած եւ ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է: Այդ ծրագիրը հայ ժողովրդի կողմից չի ընդունվել, ընտրությունները կեղծված են, եւ հայ ժողովուրդը դեռ իր խոսքը կասի»: