«Հրապարակ»․ «Հարստացում»՝ համակարգային տառապանքի հաշվին․ ո՞վ է զսպելու մոնոպոլիստի ախորժակը

Առողջապահության ոլորտում գործող Արմեդ համակարգի շուրջ դժգոհությունները նոր չեն, բայց գնալով խորանում են։ Մի կողմից՝ մասնավոր ընկերությանն է վստահված քաղաքացիների անձնական ու բժշկական գաղտնիք պարունակող տվյալների հսկայական շտեմարանը, եւ դեռ մեծ հարց է՝ որքանով է պաշտպանված այդ տեղեկատվությունը։ Վերջիվերջո, ո՞ւմ սեփականությունն է տվյալների այդ հսկայական բազան, եւ եթե մի օր Արմեդը որոշի «վաճառել» այն, պետությունը կկարողանա՞ նրան զսպել։ Մյուս կողմից՝ Արմեդին զինում ենք ոչ միայն ամենակարեւոր ու ամենազգայուն տեղեկատվությամբ, այլեւ ահռելի ֆինանսական միջոցներով․ օրինակ՝ վերջին վեց ամսվա ընթացքում առնվազն կրկնապատկվել են բուժհաստատությունների կողմից այս համակարգին վճարվող գումարները։

«Հրապարակ»-ը զրուցել է տարբեր բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչ համակարգային խնդիրներ են առկա այս ծրագրի գործարկման հետ կապված։ Բուժհաստատությունների աշխատակիցներն անանուն մնալու խնդրանքով ներկայացրել են խնդիրները, որոնց ամենօրյա ռեժիմով բախվում են իրենք։ Նրանց խոսքով, օրինակ՝ երբ պացիենտը մեկ այցելության ընթացքում օգտվում է տարբեր ծառայություններից (խորհրդատվություն, անալիզներ, գործիքային հետազոտություն), նրա համար բացվում է երեք առանձին ամբուլատոր քարտ․ Արմեդն ամեն բացված քարտի դիմաց գումար է գանձում, թեեւ դա հնարավոր էր իրականացնել մեկ քարտի շրջանակում։ Մեկ այլ խնդիր է ամեն վճարովի բժշկական ծառայությունից Արմեդի կողմից գանձվող 0,25% միջնորդավճարը․ թե ինչ ծառայություն է մատուցում օպերատորն այդ վճարի դիմաց, հայտնի չէ։ Պարզվում է՝ համակարգով հնարավոր չէ կատարել նաեւ մասնակի գումարի ընդունում կամ մասնակի գումարի վերադարձ ՀԴՄ կտրոնով։

Արմեդի հետ կապված խնդիրները ոչ միայն ֆինանսական անհիմն ծախսեր են բուժհաստատությունների համար եւ դժվարացնում են անձնակազմի աշխատանքը, այլեւ լուրջ ռիսկեր են ստեղծում հետագա ստուգումների ժամանակ։ Ծրագիրն աշխատում է տեխնիկական խափանումներով․ այն անընդհատ «կախում» է, չի հաստատում կամ չի ընդունում վճարումները, ՀԴՄ կտրոնները հաճախ չի արտացոլում, ինչն արդեն խնդիրներ է առաջացնում հարկային մարմինների հետ։ Սա հանգեցնում է նաեւ աշխատաժամանակի անհարկի կորստի, մեծացնում սխալների ռիսկը, առաջացնում հերթեր ու դժգոհություններ։ Առհասարակ, այս տարիների ընթացքում չի եղել որեւէ հրաման կամ որոշում, որով նախատեսված փոփոխությանը համակարգը նախապես պատրաստ լիներ։ Օրինակ, անաշխատունակության թերթիկների էլեկտրոնային տրամադրման որոշմանը, որը հնարավոր դարձավ միայն 1,5 տարվա ուշացումով։

Մեկ այլ խնդիր, որը մինչ օրս չի լուծվել, հերթագրման համակարգն է․ թեեւ կառավարության որոշմամբ վաղուց պետք է այն կցվեր Արմեդին, մինչ օրս չի գործում։ Վճարովի ծառայություններից տոկոս գանձող օպերատորը հրաժարվում կամ անհարկի ձգձգում է ինտեգրել բուժհաստատությունների ներհիվանդանոցային ծրագրերը, ինչի պատճառով աշխատակիցները ստիպված են նույն տվյալները բազմակի անգամ մուտքագրել տարբեր ծրագրերում։ Այսպիսով՝ ստացվում է իրավիճակ, երբ Արմեդ համակարգը ստանում է հասանելիություն առողջապահական տվյալների հսկայական բազային եւ ֆինանսական ահռելի միջոցներ, բայց չի կատարում անգամ այդ տարրական գործառույթներն ու պարտականությունները, անհաղորդ է խնդիրների լուծմանն ու ոլորտի զարգացմանը, իսկ բուժհաստատություններն ու քաղաքացիները շարունակում են կրել դրա թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական բեռը։
Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ այս եւ բազմաթիվ այլ խնդիրների մասին տեղյակ են թե՛ առողջապահության նախարարությունում, թե՛ կառավարությունում, սակայն գործուն քայլեր չեն ձեռնարկվում, կամ գուցե դրանք առայժմ տեսանելի չեն։ Հարց է առաջանում՝ ո՞վ է վերահսկում առողջապահության ոլորտի այս առանցքային ենթակառուցվածքը․ արդյո՞ք պետությունը պատրաստվում է սահմանափակել մոնոպոլ դիրքի չարաշահումները, պաշտպանել բուժհաստատությունների ու քաղաքացիների շահերը, թե՞ իր որոշումներով շարունակելու է էլ ավելի ամրապնդել Արմեդի մոնոպոլ դիրքը՝ օժտելով նրան նորանոր գործառույթներով։

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Արմեդի աշխատակիցների հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։

Մենք գրավոր հարցմամբ դիմել ենք առողջապահության նախարարություն եւ կառավարություն՝ հասկանալու, թե տեղյա՞կ են բարձրացված խնդիրներից եւ ի՞նչ քայլեր են արվել դրանց լուծման ուղղությամբ։ Պատասխանները ստանալուն պես կհրապարակենք, պատրաստ ենք հրապարակել նաեւ Արմեդի պարզաբանումները` գուցե հրապարակումը կարդալուց հետո արձագանքեն բերված փաստերին ու մեղադրանքներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *