Բազմաթիվ խնդիրներ են առաջանալու – Հրապարակ

2026 թ. սեպտեմբերի 1-ից մեծ թվով գյուղական դպրոցներ են փակվում, իրենց խոսքով` միավորվում են այլ դպրոցների հետ: Պատճառը աշակերտների քիչ քանակն է։ Աշակերտներին հարեւան գյուղերի դպրոցներ տեղափոխման հոգսը պետությունը վերցնել իր վրա։
Մոտ մեկ տարի քննարկվող այս ծրագիրը շատ քննադատվեց, քանի որ դպրոցներն են գյուղերը պահում, այն գյուղը, որը չունի դպրոց, հետզհետե փակվում, վերանում է: Մանավանդ՝ մեծ մասը սահմանամերձ գյուղեր են, իսկ դրանք բնական պաշտպանական շերտ են ապահովում: Այդ գյուղերի լքվելու դեպքում որոշ ժամանակ անց կարող են հարեւան հանրապետությունից տեղափոխվել ու բնակվել մեր սահմանամերձ բնակավայրերում: Այնպես որ, այս գյուղերի եւ դպրոցների խնդիրը նաեւ անվտանգության խնդիր է Հայաստանի համար: Բայց այս իշխանությունն ու ԿԳՄՍՆ-ն անդրդվելի էին` 200-ից ավելի դպրոց պետք է փակվի, դրանք պահելը տնտեսապես շահավետ չէ:
Ինչ վերաբերում է հարեւան գյուղեր երեխաներին տանել-բերելուն, ծնողները դեմ են ու կասկածում են, որ գործընթացը նորմալ կկազմակերպվի: Իսկ զուտ տեխնիկապես ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվելու: Միայն մի աննշան խնդիր նշենք. օրինակ՝ ցածր դասարանների աշակերտները դասերն ավելի վաղ են ավարտում, քան բարձր դասարանցիները, ի՞նչ է լինելու․ ավտոբուսը պետք է գնա-գա մի քանի անգա՞մ, թե՞ այնքան սպասի, մինչեւ բոլորը դասերն ավարտեն, ու այդ ընթացքում ցածր դասարանների աշակերտները թրեւ գան, սպասեն, մինչեւ իրենց գյուղի բարձր դասարանցիներն ավարտեն դասերը: Թե՞ մեկ գյուղին մի քանի ավտոբուս է տրամադրվելու։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս հարցին ի պատասխան ասաց. «Այս հարցը բարդ եւ ոչ միանշանակ հարց է։ Մի կողմից հասկանալի է շատ փոքր դպրոցներ պահելը՝ ե՛ւ անարդյունավետ է, ե՛ւ թանկ է, բայց մյուս կողմից էլ դպրոցները փակելը նոր տեսակի խնդիրներ է բերում… Ավտոբուսների մասով․ եթե աշակերտներին գյուղից գյուղ ավտոբուսով պետք է տանեն, դա շատ խնդիրներ է բերելու։ Ենթադրենք, ինչ-որ մի աշակերտ 5 րոպե ուշացավ, ավտոբուսը գնաց․ դա նշանակելու է, որ բացակայությունների, հաճախումների հետ կապված խնդիրներն ավելանալու են։ Ծնողական ժողովին ծնողներն ինչպե՞ս են գնալու-գալու։ Ավտոբուսները երկու անգամ աշխատեն` ժամը 12-ի կամ 13-ի կողմերը բերեն կրտսեր աշակերտներին, 3-ի կողմերը՝ մյուս աշակերտներին։ Կամ` երկարօրյա է աշխատելու, որպեսզի բոլորը միասին վերադառնան։ Դժվարություններ լինելու են ե՛ւ տրանսպորտի, ե՛ւ ճանապարհների, եղանակային պայմանների հետ կապված, հատկապես Շիրակի մարզում, լեռնային գոտիներում։ Սա բավական բարդ պրոցես է։ Ի վերջո, այս ամենը կարող է բերել նրան, որ ծնողները որոշեն, որ ինչ-ինչ գյուղեր տանելու փոխարեն հարակից քաղաք տեղափոխվեն ապրելու։ Այս քաղաքականությունը, որ տարվում է, արդյունք է նախորդ տարիներին տեղի ունեցած արտագաղթի։ Այս քայլով այդ պրոցեսը կարող է շատ արագանալ։ Մենք այնքան ենք խնդիրներ կուտակել, լուծում չենք տվել, որ հիմա այն փուլում ենք, որ ինչ լուծում էլ տանք, գոհ չենք լինելու»։ Մեկ այլ խնդրի էլ անդրադարձավ փորձագետը. «Ուսուցիչների ընտրության հարց է առաջանալու` ոմանք մնացել են գյուղում այն պատճառով, որ դպրոցում աշխատանք ունեին, եթե դա կորցնեն, վստահաբար՝ քաղաք եկողների թիվը կավելանա։ Գյուղերում, որտեղ կփակվեն դպրոցները, բնակչության թվի կտրուկ նվազում կլինի»։

Շուշան Սարիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *