

2026թ․ հոկտեմբերին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովին ընդառաջ օգոստոսի 3-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում։
Եղեգնաձոր համայնքի Գլաձորի բնակիչ Նորիկ Մկրտչյանը, ով ստեղծել է «Նորտուրս» գաստրոբակը, համոզված է, որ Վայոց Ձորի մարզի բնությունը զբոսաշրջության զարգացման կարևորագույն ռեսուրսն է։ «Տարածաշրջանի հետագա զարգացումը պետք է հիմնված լինի հենց այդ ռեսուրսի պահպանության և ճիշտ կառավարման վրա»,- հայտնեց նա։


Մասնագիտությամբ աշխարհագրագետ Նորիկ Մկրտչյանը երկար տարիներ զբաղվում է զբոսաշրջությամբ։ Նրա գործունեության շրջանակում օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացվում են Հայաստանի բնությունը, պատմությունն ու մշակույթը։ «Նորտուրս» գաստրոբակում ընդունում են զբոսաշրջային խմբերի, մատուցում տեղական արտադրանք, կազմակերպում արշավներ, ջիփ-տուրեր և այցելություններ դեպի Վայոց Ձորի բնական ու պատմամշակութային տեսարժան վայրեր։ «Այս պահին զբաղվում եմ զբոսաշրջության ոլորտում, իսկ այդտեղ շատ կարևոր է ունենալ անկրկնելի գեղեցկությամբ մեր բնությունը՝ հնարավորինս չաղավաղված, չաղտոտված, որն այս պահին ունենք, բայց վտանգներ ենք տեսնում, ռիսկեր կան», – ասաց Նորիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջությունը Հայաստանում արագ զարգացող ոլորտներից է, և դրա հետ մեկտեղ մեծանում է նաև բնության նկատմամբ պատասխանատվությունը։ Վայոց Ձորի հիմնական առավելություններից է համարում տարածաշրջանի ջրի, հողի և օդի մաքրությունը։ «Այդ ռեսուրսները մի շարք վտանգների առաջ են կանգնած՝ կլիմայական փոփոխություններ, ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարում և հանքարդյունաբերության ընդլայնում։ Մենք պետք է հնարավորինս մեր եղածին տեր կանգնենք՝ չաղավաղելով, չաղտոտելով, չվնասելով ընդերքը, երկրի մակերևույթը, ջուրը, օդը։ Որովհետև սա էլ կարևոր ռեսուրս է՝ մեր օդի մաքրությունը, մեր ջրի մաքրությունը, հողի մաքրությունը։ Այդ ամենը մեզ առավելություններ է տալիս», – ասաց նա։
Նորիկ Մկրտչյանի խոսքով, տարածաշրջանում մեծանում են բնական ռեսուրսների օգտագործման հետ կապված ճնշումներն ու ռիսկերը։ Նա, մասնավորապես, նշեց Գլաձորի բազմամետաղային հանքավայրի վերաբերյալ քննարկումները՝ ընդգծելով, որ տեղի բնակիչները շարունակում են դիմակայել այդ գործընթացներին։
Փոքր ջրամբարների գաղափարը՝ որպես բնության վերականգնման հնարավոր նախագիծ
Նորիկ Մկրտչյանն առաջարկում է մեծ ջրամբարի կառուցման փոխարեն բազմաթիվ փոքր ջրամբարների հաջորդական համակարգ ստեղծել։ «Լեռնային փոքրիկ գետերի, գետակների, առուների վրա կառուցվեն փոքր ջրամբարներ՝ կասկադատիպ, իրար շարունակությամբ։ Դա կփոխի ամբողջ լանդշաֆտը, ամբողջ միկրոկլիման կփոխի, օդի հարաբերական խոնավությունը կփոխի, դրանով կսնվի լանդշաֆտը», – բացատրեց նա։
Նորիկ Մկրտչյանի խոսքով՝ գարնանը լեռնային գետերի ջուրը կարճ ժամանակում հեռանում է տարածքից, մինչդեռ փոքր ջրամբարների համակարգը հնարավորություն կտար ջուրն ավելի երկար պահել լանդշաֆտում։
Նորիկ Մկրտչյանը կարևորեց նաև Հայաստանի կողմից COP17-ի անցկացումը։ «Շատ կարևոր են նման ներկայացուցչական միջոցառման ժամանակ տեղերից բարձրացված խնդիրները, որովհետև լոկալ խնդիրների լուծումներն են բերում գլոբալ խնդիրների հանգուցալուծմանը։ Եթե մենք տեղերից խնդիրներ չառաջադրենք, վերևները լավ էլ գիտեն և՛ ներքևի խնդիրները, և՛ գլոբալ խնդիրները, բայց պետք է զգան, որ տարածքի վրա ապրող մարդը, հողի վրա ապրող մարդը լավ է պատկերացնում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ», – ասաց նա։
«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։
Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։
Օգոստոս 25, 2026 at 14:20