17 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են կատարվել և կապարակնքվել են, 4 մարդ ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով օգոստոսի 25-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսավարողների գործունեության և բնակության ընդհանուր թվով 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ․ հայտնում է Քննչական կոմիտեն։

«Տնտեսավարող սուբյեկտների գործունեության հասցեները ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքվել են:

Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ տնօրեններ Ի.Հ.-ի, Ա.Ա.-ի, Կ.Ա.-ի և նախկին տնօրեն Հ.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են:

Վերջիններս ձերբակալվել են: Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելու դատարան:

Հիշյալ տնտեսվարող սուբյեկտներով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլրդ 682 մլն 21 հզր 224 ՀՀ դրամի վնաս:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *