2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հաստատեց ներդրումային նախագիծ, ըստ որի առաջարկվում է քանդել Սարյան փողոցում գտնվող «Հայփոստի» շենքը և դրա տեղում կառուցել 40-հարկանի «World Trade Center» (WTC) բիզնես կենտրոն։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 212 մլն դոլար, իսկ շենքերի և կառույցների ընդհանուր մակերեսը կկազմի 123 հազար քառակուսի մետր։ Կենտրոնի շինարարությամբ կզբաղվի նախագծի նախաձեռնող դարձած «Renshin» ընկերությունը։ Փաստաթղթում նշվում է, որ բիզնես կենտրոնի 50%-ը կպատկանի ներդրողներին, 19,82%-ը՝ կառավարությանը, իսկ 30,18%-ը՝ «Հայփոստ» ընկերությանը։ Համալիրի նախագծող է ընտրվել բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերի «Foster + Partners» ստուդիան։
Նախագծի հեղինակների մտահղացմամբ և կառավարության թեթև ձեռքով համալիրը, որը WTC-ից բացի կներառի նաև հենց երկնաքերի շուրջ ժամանցի գոտի, կընդգրկի բավական մեծ տարածք։ Կառույցի նախագծի հաստատման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, ինչպես այն չկա նաև «Renshin»-ի պաշտոնական էջում ներկայացված նախագծերի շարքում։ Այնուամենայնիվ, կառուցապատման համար նախատեսված տարածքը ճանաչվել է գերակա պետական շահ, իսկ բնակիչներին խնդրել են լքել իրենց տները։
Հիշեցնենք, որ խոսքը գնում է քաղաքի ամենահին թաղամասի՝ Կոնդի մասին։ Բացի զբոսաշրջային և պատմական նշանակությունից, թաղամասն ունի նաև հնագիտական արժեք, քանի որ Կոնդի տակ գտնվում են 10-11-րդ դարերի քրիստոնեական բնակավայրեր։ Այնտեղով անցել է քաղաքի կենտրոն տանող հին ջրատարը։ Այսինքն՝ մայրաքաղաքի ամենակոլորիտային թաղամասերից մեկի զգալի մասի քանդման և մնացած հատվածում ապակուց ու բետոնից բուրգ կառուցելու գաղափարը բավական կասկածելի է թվում թե՛ գեղագիտական տեսանկյունից, թե՛ պատմության և ճարտարապետության նմուշների պահպանման տեսակետից։
Ավելի շատ հարցեր է առաջացնում նաև այն, թե ինչպես է կառուցապատող ընկերությունը կազմակերպում փոխհատուցումների վճարումը։ Իհարկե, Կոնդում գտնվող տների մի մասը գտնվում է խիստ անմխիթար վիճակում․ դրանք հին շինության տներ են, որոնցից որոշներում նույնիսկ կոյուղի չկա։ Բայց կան նաև հիանալի ժամանակակից շինություններ։ Պարադոքսալ է, բայց փոխհատուցման չափը հաշվի չի առնում այդ տարբերությունը, թեև բնակիչների վրդովմունքից հետո ընկերությունը բոլորին հավելել է ևս 20 տոկոս։
Քանդման վերաբերյալ տարօրինակ որոշումների թվում է նաև Ալոյանների ընտանիքի տան ճակատագիրը։ Ընտանիքին պատկանում է առանձնատուն, որը անհասկանալի տրամաբանությամբ ներառվել է գերակա հետաքրքրություն ներկայացնող տարածքների ցանկում։ Ընտանիքին առաջարկել են մեկ քառակուսի մետրի դիմաց մի փոքր ավելի, քան 1600 դոլար՝ այն դեպքում, երբ կենտրոնում անշարժ գույքի մեկնարկային գինը 4-5 հազար դոլար է։ Քանի որ Ալոյանները կտրականապես չհամաձայնեցին այդքան «առատաձեռն» առաջարկին և հրաժարվեցին ստորագրել համաձայնագիրը, «Renshin»-ը դիմել է դատարան՝ նպատակ ունենալով, ոչ ավել, ոչ պակաս, զրկել Ալոյաններին սեփականության իրավունքից։ Գործընթացը տևում է արդեն ավելի քան մեկ տարի։
Ալոյանների առանձնատան կողքին գտնվում է հին պապենական տուն, որի նկուղները պատմաճարտարապետական հետաքրքրություն են ներկայացնում։
Պահանջի անհեթեթությունն այն է նաև, որ Ալոյանների տան ամենամոտ հարևաններին՝ ԵՄ պատվիրակության շենքին և բնակելի վեցհարկանի շենքին, ոչ ոք ձեռք տալ չի պատրաստվում։ Ըստ էության, տունը որևէ մեկին չի խանգարում, այն գտնվում է ապագա WTC շինհրապարակից հեռու։ Տունը շրջապատված է հրաշալի այգով, որը հին Կոնդով հետաքրքրվող զբոսաշրջիկների մշտական հիացմունքի առարկան է։ Այգում տնկված են հազվագյուտ տեսակների ծառեր։ Այդ օազիսի ստեղծման համար տասնյակ տարիներ են պահանջվել։ Փաստորեն, Ալոյանների տան տարածքը գտնվում է «չքանդվող» օբյեկտների միջև, և այն «գերակա շահերի» ցանկում ներառելը չի կարող բացատրվել անհրաժեշտությամբ։
Այժմ Ալոյանների ընտանիքի փոխհատուցումը տեղադրված է դեպոզիտային հաշվին, և տեսականորեն ընկերությունը պարտադիր չէ, որ սպասի դատական գործընթացի ավարտին՝ տունը քանդելու համար։ Հիշեցնենք, որ օրենսդրական նորամուծությունների շնորհիվ կառուցապատող ընկերություններն արդեն պարտավոր չեն սպասել դատարանների որոշումներին՝ ակտիվ գործողություններ սկսելու համար։ Եվ մեծ կասկած կա, որ Ալոյանների ընտանիքի դեպքում ինչ-որ մեկը միանգամայն օրինական հիմքերով փորձում է գրոշներով ձեռք գցել արժեքավոր տարածք։ Շատ հավանական է, որ Ալոյանների տան շուրջ տեղի ունեցողը օրենքով «օրհնված»՝ հանրային շահը շահարկելու միակ դեպքը չէ։ Մնում է միայն հաստատել հենց երկնաքերի նախագիծը։