ԱՄՆ-ը վերսկսել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի տեղափոխման մեջ կասկածվող նավերի ուղղությամբ հարվածները․ զոհերի թիվը հասել է 223-ի

Ավելի քան երկու ամսվա դադարից հետո ամերիկացի զինվորականները երկուշաբթի հայտարարել են Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում նավի վրա հասցված նոր հարվածի մասին։ ԱՄՆ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ դրա հետևանքով զոհվել է թմրանյութերի առևտրի մեջ կասկածվող երկու մարդ, հաղորդում է Associated Press-ը։

Այսպիսով, Լատինական Ամերիկայի ափերի մոտ ենթադրյալ թմրավաճառների դեմ ամերիկյան շուրջ մեկ տարվա արշավի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 223-ի։ ԱՄՆ Հարավային հրամանատարության տվյալներով՝ զինվորականները հասցրել են 67 հարված՝ ոչնչացնելով 64 արագընթաց նավակ, 3 դժվար նկատելի նավ և 1 կիսասուզանավ։

Հարավային հրամանատարությունը սոցիալական ցանցերում հայտնել է, որ ամերիկյան ուժերը «կործանարար հարված են հասցրել դժվար նկատելի նավին», որը շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով։ Զինվորականների տվյալներով՝ հարվածը հասցվել է կիրակի օրը և առաջինն էր հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ էին զոհվել։

Ինչպես նախորդ դեպքերի մեծ մասում, Հարավային հրամանատարությունը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ նավը թմրանյութ էր տեղափոխում։

«Մենք մտադիր ենք համակարգային խոչընդոտներ ստեղծել նարկոահաբեկիչների համար, խաթարել նրանց գործունեությունը, ոչնչացնել նրանց ղեկավարներին և ամբողջ տարածաշրջանում վերացնել կարտելների ահաբեկչական սպառնալիքը»,- հայտարարել է ԱՄՆ Հարավային հրամանատարության հրամանատար, գեներալ Ֆրենսիս Դոնովանը։

Նոր հարվածը հասցվել է այն ֆոնին, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է դաշնակիցների հետ համաձայնագրեր կնքել՝ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում ցամաքային գործողություններն ընդլայնելու համար։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այս ամիս Պանամա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Կոլումբիան, Գվատեմալան և Հոնդուրասը համաձայնել են թույլատրել ամերիկացի զինվորականներին իրենց տարածքում համատեղ գործողություններ անցկացնել հանցավոր խմբավորումների դեմ։ Գվատեմալայում, սակայն, այս տեղեկությունը հերքել են։

Մարտին ԱՄՆ-ի հետ նմանատիպ համատեղ գործողություններ էր սկսել նաև Էկվադորը։

Թրամփի վարչակազմի՝ նավերին հարվածներ հասցնելու արշավը սկսվել է սեպտեմբերի սկզբին։ Այդ հարվածների հետևանքով եղել են բազմաթիվ փրկվածներ, որոնց մեծ մասն այդպես էլ չի հայտնաբերվել։

ԱՄՆ Հարավային հրամանատարությունը երկուշաբթի օրը առանձին հայտնել է նաև, որ իրականացվել է ավելի քան 20 որոնողափրկարարական գործողություն, որոնցից գրեթե բոլորն անհաջող են եղել։

Հրամանատարության սոցիալական ցանցերում հրապարակված տվյալների համաձայն՝ հարվածներից հետո ողջ է մնացել 28 մարդ, սակայն փրկվել է միայն երեքը։ Մարտի հարվածից հետո մեկ մարդ փոխանցվել է Կոստա Ռիկայի առափնյա պահպանությանը, իսկ ևս երկու վիրավոր էլ ավելի ուշ տեղափոխվել են Էկվադոր և Կոլումբիա։

2025 թվականի սեպտեմբերին հասցված ամենաառաջին հարվածից հետո ողջ էր մնացել երկու մարդ, որոնք, սակայն, զոհվել են նավին հասցված կրկնակի հարվածի հետևանքով։ Այս փաստի բացահայտումից հետո որոշ օրենսդիրներ և ռազմական իրավունքի մասնագետներ մտահոգություն են հայտնել։ Սպիտակ տնից հայտարարել են, որ կրկնակի հարվածը հասցվել է «ինքնապաշտպանության» նպատակով՝ նավի ոչնչացումն ապահովելու համար, և համապատասխանել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։

Սակայն որոշ իրավաբաններ հայտարարել են, որ կրկնակի հարվածը, որի հետևանքով զոհվել են փրկվածները, անօրինական կլիներ ցանկացած պարագայում՝ անկախ նրանից՝ խոսքը զինված հակամարտության մասին է, թե ոչ։

Նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը լատինաամերիկյան կարտելների հետ գտնվում է «զինված հակամարտության» մեջ, և հարվածները ներկայացնում է որպես անհրաժեշտ քայլ՝ ԱՄՆ թմրանյութերի մատակարարման և մահացու գերդոզավորումների դեմ պայքարում։ Ընդ որում, վարչակազմը քիչ ապացույցներ է ներկայացրել՝ «նարկոահաբեկիչների» ոչնչացման մասին իր պնդումները հիմնավորելու համար։

Քննադատները նույնպես կասկածի տակ են դնում նավերին հասցվող հարվածների օրինականությունն ու արդյունավետությունը։ Մասնավորապես, նրանք նշում են, որ ԱՄՆ-ում մահացու գերդոզավորումների մեծ մասի հետ կապված ֆենտանիլը սովորաբար երկիր է մտնում ցամաքով՝ Մեքսիկայի միջոցով, որտեղ այն պատրաստվում է Չինաստանից և Հնդկաստանից ներմուծվող քիմիական նյութերից։

Մայիսին Պենտագոնի տեսչական վարչությունը հայտարարեց, որ մտադիր է ստուգել՝ արդյոք ամերիկացի զինվորականները հարվածներ հասցնելիս պահպանել են թիրախավորման սահմանված կարգը, թե ոչ։ Միաժամանակ, ստուգումը վերաբերում է բացառապես թիրախավորման պլանավորման վեցաստիճան փուլին և չի գնահատելու հենց հարձակումների օրինականությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *