Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին, հայտնում է «Новости-Грузия»-ն։
Դատախազության վարկածով՝ Ղարիբաշվիլին 750 հազար լարի ապօրինի միջնորդավճար է ստացել Պաշտպանության նախարարության համար բժշկական սարքավորումների և գույքի գնումները կազմակերպելու դիմաց։ Քննության գնահատմամբ՝ պետությանը պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմում է 6,98 միլիոն լարի։
Ըստ մեղադրանքի՝ պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այն ժամանակվա վարչապետ Ղարիբաշվիլիի հետ պայմանավորվել է պատվերները փոխանցել կոնկրետ ընկերությունների՝ 1,5 միլիոն լարի կաշառքի դիմաց։ Ստացված գումարը, քննության վարկածով, պաշտոնյաները բաժանել են միմյանց միջև։
Ընդհանուր առմամբ իրականացվել է երեք գնում։ Դատախազությունը պնդում է, որ դրանց արժեքն արհեստականորեն բարձրացվել է․ ապրանքների և ծառայությունների 11,5 միլիոն լարի իրական արժեքի դեպքում պետությունը վճարել է գրեթե 18,5 միլիոն լարի։
Ղարիբաշվիլիի դեմ ցուցմունք է տվել կալանքի տակ գտնվող Բուրչուլաձեն։ Բացի այդ, հուլիսին քննության հետ սկսել է համագործակցել նրա աներձագը՝ Վասիլ Մխեիձեն։ Նա գործի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրել դատախազությանը։
Նոր մեղադրանքը ներկայացվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով (կաշառք ստանալը), որը նախատեսում է 11-ից 15 տարվա ազատազրկում։
Տարեսկզբին ապօրինի եկամուտների լվացման մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Ղարիբաշվիլին վերջին շաբաթներին ահազանգում է իր նկատմամբ իրականացվող ճնշումների մասին։ Ազատազրկման վայրից հղած նամակներում Վրաստանի նախկին վարչապետը պնդում է, թե իշխանության ներկայացուցիչներն իրենից փորձում են նոր հանցանքների կեղծ ինքնախոստովանություն կորզել, որպեսզի վերջնականապես չեզոքացնեն իրեն որպես հնարավոր քաղաքական մրցակցի։
Հատկանշական է, որ նախորդ քրեական գործով Ղարիբաշվիլին ընդունել էր իր մեղքն ու գնացել դատախազության հետ պրոցեսուալ համաձայնության։ Թեև նրան սպառնում էր 9-ից 12 տարվա ազատազրկում, դատարանը սահմանեց 5 տարվա ազատազրկում և 1 միլիոն լարի տուգանք, իսկ խուզարկությամբ հայտնաբերված 6,5 միլիոն դոլարը բռնագանձվեց պետության կողմից։
Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարությունը ղեկավարել է երկու անգամ (2013-2015 թթ. և 2021-2024 թթ.)։ 2024 թվականին վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նա ստանձնեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարումը, սակայն արդեն 2025 թվականի գարնանը հայտարարեց քաղաքականությունից լիովին հեռանալու մասին։